ՀՀ-ից եվրոպական երկրներ օդային թռիչքների սահմանափակումը մինչև հուլիսի 15-ը կգործի. քաղավիացիայի կոմիտե
Մոտ 4 ամիս է՝ ինչ դադարեցված են ՀՀ-ից թռիչքները դեպի եվրոպական երկրներ: Եվ չնայած եվրոպական որոշ երկրների օդային սահմանները բաց են միմյանց համար, դեռևս անհայտ է, թե երբ կկարողանան ՀՀ քաղաքացիները մեկնել Եվրոպա: Հունիսի 29-ին 168.am-ը դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ մի քանի հարցի պարզաբանում ստանալու համար:
Եվ այսպես, մեր առաջին հարցը՝ արդյոք դեռևս արգելվա՞ծ է COVID-19-ով պայմանավորված ՀՀ-ից դեպի եվրոպական երկրներ թռիչքների իրականացումը։ Քաղավիացիայի կոմիտեից պատասխանել են, թե Կոմիտեի կողմից IATA Ամառ-2020 նավիգացիոն ժամանակահատվածի համար (մարտի վերջին կիրակի օրվանից՝ ներառյալ հոկտեմբերի վերջին շաբաթ) ավիաընկերություններին տրված թույլտվությունները՝ համաձայն Կոմիտեի հրապարակած ՆՈՏԱՄ-ի, ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմամբ, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջներով:
«Հաշվի առնելով, որ մինչև սույն թվականի հուլիսի 15-ը ներառյալ առկա են վերը նշված ՆՈՏԱՄ-ով պայմանավորված սահմանափակումներ, ավիաընկերությունները ներկայումս հետևում են Հայաստանում գործող սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև՝ համաճարակով պայմանավորված իրավիճակի կարգավորմանը»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի պատասխանում:
Մեր 2-րդ հարցով խնդրել էինք կոմիտեին պարզաբանել, թե արդյոք կա՞ն բացառություններ (օրինակ՝ առողջական խնդիրների դեպքում) ՀՀ-ից եվրոպական երկրներ մեկնելու, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրների պարագայում, խնդրում ենք ներկայացնել, թե որո՞նք են դրանք: Խնդրել էինք նշել նաև, թե ո՞ր դեպքերում է ՀՀ քաղաքացիներին թույլատրվում մեկնել եվրոպական երկրներ, և ներկայացնել ցանկը։
Մեր այս հարցին ի պատասխան՝ կոմիտեից հայտնել են, որ ներկա պահին, պայմանավորված համաճարակի կանխարգելման միջոցառումներով, ՀՀ-ից դեպի եվրոպական երկրներ իրականացվում են միայն հումանիտար թռիչքներ՝ «այդ պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին տարհանելու նպատակով՝ թռիչքը նախապես դիվանագիտական խողովակներով տվյալ երկրի հետ համաձայնեցնելուց հետո»:
Այս հարցի լիարժեք պատասխանը, ինչպես նաև դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների մեկնման թույլտվությունների և այդ երկրների ցանկի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կոմիտեից առաջարկել էին դիմել ՀՀ ԱԳՆ:
Գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ բացառություններ են գործում ՀՀ-ից եվրոպական երկրներ գնալու համար: Տեղեկությունը ստանալուն պես կհրապարակենք:
3-րդ հարցով Քաղավիացիայի կոմիտեից խնդրել էինք ներկայացնել, թե ի՞նչ քայլեր (բանակցություն, քննարկումներ) են իրականացվում COVID-19-ով պայմանավորված՝ ՀՀ-ից եվրոպական երկրներ իրականացվող դադարեցված թռիչքները վերականգնելու համար:
«Կոմիտեն մշտապես կապի մեջ է ՀՀ օդանավակայաններից և դեպի ՀՀ օդանավակայաններ թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների հետ, և առաջին իսկ հնարավորության դեպքում դադարեցված թռիչքները կվերականգնվեն»,- ասված է հարցման պատասխանում: