«Կստորագրեմ մեծ հաճույքով․․․ Նախագահն ունի իրեն տրամադրված 21 օրը, նա կարող է փոշմանել, վիճարկել». ԱԺ նախագահը՝ ՍԴ-ի վերաբերյալ օրենքի մասին

«Սահմանադրական դատարանի նախկին անդամներն իրավունք ունեին դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը արել են: Բայց այ, ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պե՞տք է կայացնի, թե՞՚ ոչ, ինչպես Ձեր պնդումներն են, տեղյակ չեմ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և անդամներ  Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, որոնք արդեն գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կառավարությունն էլ արդեն ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և պետք է պատասխան ուղարկի ՄԻԵԴ:

ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը երեք անգամ ՍԴ անդամներ է առաջադրել, սակայն ԱԺ-ի կողմից նրանք չեն ընտրվել, հետևաբար՝ առաջարկում է՝ ՍԴ 3 անդամների ինքը նշանակի, 3-ին՝ Կառավարությունը, 3-ին էլ՝ Ազգային ժողովը, որով կպահպանեն հավասարակշռությունը:

Արարատ Միզոյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ թեկնածու է առաջադրել, որն ԱԺ-ի կողմից չի ընտրվել, մի անգամ էլ առաջադրել է, և ԱԺ-ն ընտրել է:

«Ցանկացած դատարանակազմ մարմնի առաջարկություն մենք այստեղ դիտարկում ենք, այնուհետև քվեարկությամբ համաձայնում ենք կամ ոչ: Հիմա ինչ առաջարկում է հանրապետության նախագահը, ենթադրում է նորից Սահմանադրության փոփոխություն: Գիտեք, որ կա Սահմանադրության փոփոխությունները քննարկող հանձնաժողով, և կարծում եմ՝ նախագահը բանավոր կամ պաշտոնապես կդիմի հանձնաժողովին: Այդուհանդերձ, կարծում եմ՝ գործող մեխանիզմը բավականին հաջող է»,- շեշտեց Արարատ Միրզոյանը:

Հարցին՝ նախկինում իշխանությունը հայտարարում էր, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, և այն պետք է լուծեն, սակայն երեկ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դիմումի քննությունը չկայացավ, որի վերաբերյալ դիմել էր նաև խորհրդարանը, արդյո՞ք սա չէ իրական ճգնաժամը, Արարատ Միզոյանը պատասխանեց, թե լրագրողը «մի քանի բաներ խառնեց իրար»:
«Նախ ես՝ որպես քաղաքական գործիչ և «Իմ քայլի» ներկայացուցիչ, բազմիցս ասել եմ, որ կա սահմանադրական ճգնաժամ: Ինքս միջնորդություն չեմ ներկայացրել ՍԴ, ինչպես գիտեք, խորհրդարանն ունի աշխատակազմ և իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը: ԱԺ-ն ՍԴ-ում պատասխանող կողմ է և մի շարք հարցերում ներգրավված է, ԱԺ-ն ՍԴ-ում ունի իր ներկայացուցիչը: Նա էլ գործի նյութերին՝ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքներին, ծանոթանալու իրավունք ունի: Որքանով տեղյակ եմ, այս պահի դրությամբ այդ նյութերը հայերեն լեզվով ԱԺ-ին տրամադրված չեն: Կներեք, բայց մեր երկրում պաշտոնական լեզուն հայերենն է, այնպես որ՝ պարտավոր են տրամադրել հայերեն նյութերը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի փաթեթին, որը նախագահը չի ստորագրել, և դեռ պարզ չէ՝ նա դիմելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ, և հարցին՝ արդյո՞ք ԱԺ նախագահն այն կստորագրի, Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Մեծ հաճույքով: Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ ինձ համար օրենսդրորեն կբացվի այն ստորագրելու հնարավորություն: Նախագահն ունի իրեն տրամադրված 21 օրը, նա կարող է փոշմանել, վիճարկել, այդ ժամկետը պետք է լրանա, և չստորագրելու դեպքում ԱԺ նախագահը կարող է այն ստորագրել կամ չստորագրել»:

Դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ այս հարցի հետ կապված՝ նախագահի հետ ունեն պայմանավորվածություններ, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ հարցի շուրջ Արմեն Սարգսյանի հետ չի խոսել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս