Մեղադրողների միջնորդությունը բացարձակ անհիմն է, օրինական չէ. «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստի ընթացքում այսօր դատարանը քննում էր դատախազության՝ հունիսի 23-ին ներկայացրած միջնորդությունը՝ պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը սահմանափակելու վերաբերյալ:

Միջնորդության վերաբերյալ նախ իրենց առարկությունները ներկայացրեցին բոլոր ամբաստանյալների շահերի պաշտպանները, ապա միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց տուժողի ներկայացուցիչ Ասլանյանը, որն ասաց, թե նման միջնորդությունները խախտում են դատավարության կողմերի միջև առկա հավասարակշռությունը:

«Որպես տուժողի ներկայացուցիչ՝ ես գտնում եմ, որ քննարկվող միջնորդությունը, որը ներկայացրել են մեղադրողները, բացարձակ անհիմն է, ավելին՝ օրինական չէ: Գտնում եմ, որ պաշտպանական  կողմը իր ծառայությունը կատարում է բարեխիղճ, ու այս միջնորդությամբ ինքը բարեխղճության համար մեղադրվում է: Որպես տուժողի ներկայացուցիչ՝ գտնում եմ, որ միջնորդությունը չի բխում իմ վստահորդի շահերից և հետագայում շատ բացասական անդրադարձ կարող է ունենալ, եթե դատարանը փորձ անի բավարարել միջնորդությունը»,- ասաց Ասլանյանը:

Տուժողի ներկայացուցիչը միացավ պաշտպանական կողմի դիրքորոշումներին և դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը ու այլևս նման միջնորդություններ քննարկման չվերցնել:

«Ես նստած մտածում եմ ամբողջ նիստի ընթացքում, թե կարո՞ղ ա վաղը-մյուս օր, որ ես իմ միջնորդությունները սկսեմ ներկայացնել, հիմա էլ ինձ կապանքների մեջ դնեն, նման միջնորդություններով արգելեն դիրքորոշում հայտնել:

Տարօրինակ է հնչում, բայց այդպես է, փաստ է, գտնում եմ, որ բարեխիղճ է իր պաշտպանությունն իրականացնում պաշտպանական կողմը, զարմանալի է, որ բխում է տուժող կողմի շահերից, և ավելի լավ, աշխատում են որակյալ այնքան, որ ասելիք չի լինում»,- ասաց տուժողի ներկայացուցիչ Ասլանյանը՝  հավելելով, որ հաջորդ նիստին մեղադրողների դեմ բացարկի միջնորդություն է ներկայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս