Դատախազի միջնորդության հիմքում Անդրանիկ Քոչարյանի՝ հունիսի 1-ին տված ցուցումն է. փաստաբան
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական հերթական նիստի ընթացքում այսօր դատարանը քննում էր դատախազության՝ հունիսի 23-ին ներկայացրած միջնորդությունը՝ պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը սահմանափակելու վերաբերյալ:
Միջնորդությանը առարկելով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ասաց, թե միջնորդության իրական փաստացի հիմքը հիշատակված չէ: Վարդևանյանի խոսքով՝ որպես միջնորդության հիմք՝ ներկայացված է Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Վարդանյանի քննած քրեական գործը, սակայն միջնորդության իրական փաստական հիմքը 2020 թվականի հունիսի 1-ին ԱԺ-ում Դատախազության 2019 թվականի տարեկան գործունեության զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բարձրացրած հարցն էր՝ ուղղված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 1-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց էր ուղղել դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ձգձգման, ինչպես նաև նրա պաշտպանական թիմի գործելաոճի մասին՝ առաջարկելով սահմանափակել Քոչարյանի պաշտպանների՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքը:
«Հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են: Սա էլ պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն ըստ էության չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է անում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- հարցրել էր պատգամավորը:
Առարկությունը ներկայացնելիս փաստաբան Արամ Վարդևանյանի հիմնավորումները տարակուսանք առաջացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանի մոտ, և նա հարցրեց, թե ի՞նչ առնչություն ունի տվյալ հանգամանքը մեղադրող կողմի ներկայացրած միջնորդության հետ:
«Հարգելի դատարան, որ թույլ տաք ավարտեմ, Դուք կտեսնեք, որ նույնիսկ ուղղակի առնչություն ունի, այն աստիճան, որ շատ ակնհայտ է դա, հարգելի դատարան»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հիմնավորելով, որ հունիսի 1-ին պատգամավոր, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցն ու հորդորը՝ ուղղված Գլխավոր դատախազին, ակնհայտ ցուցում էր մեղադրող կողմին, որպեսզի հունիսի 23-ին արդեն դատարանին ներկայացնեին սույն միջնորդությունը փաստաբանների դատավարական իրավունքը սահմանափակելու վերաբերյալ։



