Չենք թողնելու, որ Փաշինյանը ծածկադմփոց անի մաքսանենգ ծխախոտի գործը. Մամիջանյան
Վերջապես պետք է հասկանանք՝ մենք վարչապե՞տ ունենք, թե՞ ուզուրպատոր պոպուլիստ, ԱԺ պատգամավորնե՞ր ունենք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ․ այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Կառավարության շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների կազմակերպած «Չեք կարողանալու կոծկեք» խորագրով ֆլեշմոբի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրանք իրենց հետ «Վորոնեժ-Կրասնոդար» գրությամբ դեկորներ բերեցին և տեղադրեցին կառավարության մուտքի դիմաց:
Խոսելով ֆլեշմոբի գաղափարի մասին՝ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․
«Մեր կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, ամեն հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ իրենք հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն, սկանդալային պատմություններն ու ապօրինությունները: Մեզ համար կարծես սովորական է դառնում, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, որ բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ: Մեր իշխանությունները շատ են սիրում խոսել կոռուպցիայից, շատ-շատ են սիրում ներկայացնել հարցումներ, որոնք իրականացվել են Կառավարության շրջանակներում, բայց ուզում ենք հիշեցնենք, որ նոյեմբերին, երբ իրականացվել էր հարցում, Հայաստանի ազգաբնակչության շուրջ 60 տոկոսն էր համարում, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանում, հիմա այդ տվյալը, ըստ իրենց կազմակերպած հարցումների, մոտ 80 տոկոս է, այսպե՞ս են իրենք պայքարում կոռուպցիայի դեմ»:
Նա հիշեցրեց Միքայել Մինասյանի հայտարարությունները՝ մաքսանենգ ճանապարհով դեպի Վորոնեժ ծխախոտ արտահանելու ողջ գործընթացի մասին՝ ասելով. «Ռուսաստանում բացվել է քրեական գործ, բայց ՀՀ իշխանություններից ոչ ոք դրա մասին այդպես էլ չխոսեց: Շատ հարմար է ասել, որ ես չեմ հերքելու, որ «ես ուղտ չեմ», չգիտեմ՝ դա ինքը պե՞տք է հերքի, թե՞ չպետք է հերքի, բայց սա պետք է փորձի գոնե հերքել, թեպետ փաստերը ցույց են տալիս, որ դա իր մոտ չի ստացվել»:
Մամիջանյանն անդրադարձավ նաև նշված գործի վերաբերյալ ոստիկանության պատրաստած տեսանյութին. «Ոստիկանությունը ծառայում է պետությանը, և այն անօրեն գործողությունները, որոնք փորձում են ստիպել ոստիկանությանն անել, անթույլատրելի է: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի այն գործելաոճին, որ ստիպում է՝ ուժայինները ծածկեն իր կեղտոտ սկանդալները, դա պարզապես անընդունելի է: Ոստիկանության տարածած հայտարարությունը ոչ մի բանի մասին էր, և երբ մենք ասում ենք՝ պահանջում ենք բացատրություն քաղաքական պաշտոնյաներից, ոչ թե մեր ոստիկանությունից»:
Լրագրողի հարցին, թե իր կարծիքով՝ այս գործն ինչպե՞ս պետք է բացվի, Մամիջանյանը պատասխանեց. «Բոլոր այն քննիչները, որոնք պատիվ ունեն ՀՀ ոստիկանության կամ այլ ուժային կառույցների ուսադիրները կրելու, պետք է հստակ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ չէ և Նիկոլ Փաշինյանը երբևէ չի՛ կրելու պատասխանատվություն իրենց անօրեն գործողությունների համար, ամեն մարդ իր բաժին պատասխանատվությունն այս ամենից հետո կրելու է: Դրա համար յուրաքանչյուր ոստիկան, ով այսօր կմիացնի հեռուստացույց, կտեսնի այս հիշեցումը, թող նայի ու պատկերացնի՝ արդյոք ի՞նչ է ինքն ասելու կամ ի՞նչ է պատասխանելու քննիչներին շատ քիչ ժամանակ հետո, երբ այս իշխանությունը կգնա այնտեղ, որտեղ իր վայրն է»:
Մամիջանյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Միքայել Մինասյանի ներկայացրած այլ հարցերին անդրադարձ լինելո՞ւ է, մասնավորապես՝ ադամանդի մասին հայտարարության կամ Գյումրու նոր մաքսատան հետ կապված, ինչին նա պատասխանեց.
«Այս պահին մեր իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը, որպեսզի ակցիաներ, հասարակական ընդվզումներ տեղի չունենան: Արտակարգ դրությունն ինչքան ուզում է երկարացնի պարոն Փաշինյանը և իր մսուր–մանկապարտեզ դարձած Ազգային ժողովը, նմանօրինակ ակցիաներով մենք միշտ կկարողանանք արտահայտել մեր բողոքը: Ակցիաները լինելու են շարունակական, և իշխանություններին անդադար հիշեցնելու ենք իրենց իրական դեմքը, իսկ իրենց իրական դեմքը հատիկով ծխախոտ վաճառողն է: Կապ չունեն ծավալները, նույնիսկ, եթե դու 1 ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ ես արտահանում, երբ դու հոգու խորքում հատիկով ծխախոտ վաճառող ես, դու այդպես էլ մնալու ես»:
Մամիջանյանի խոսքով՝ իշխանությանը թվում է՝ եթե իրար հետևից շատ աղմկահարույց հարցեր լինեն, ժողովրդի համար դա սովորական կդառնա.
«Դուք գիտակցում եք, որ մեզ համար սովորական է դարձել ամեն օր զարթնել և ժամը 11։00-ին տեսնել, որ մեր 700 համաքաղաքացիներ հիվանդացել են, մեզ համար սովորական է, որ հայտարարվում է, որ այս կամ այն աճուրդը տեղի է ունեցել 1 գնորդով, այս կամ այն պետական գնումը տեղի է ունեցել առանց մրցույթի և 1 անձով»:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե որքա՞ն է տևելու իրենց ակցիան, ինչին Մամիջանյանը պատասխանեց. «Մեր ակցիան արդեն իսկ ավարտվել է, ես վստահ եմ, պարոն Փաշինյանը, որը սովորություն ունի հետևել նույնիսկ լայվերին, լայվերի քոմենթներին, այս պահին տեսավ, գիտակցեց, որ չենք թողնելու ծածկադմփոց անի, այդ թվում՝ նաև այս մաքսանենգ ծխախոտի գործը»:
Նարեկ Խաչատրյան