«Այս իշխանությունն անցել է օրենքի, օրինականության, բարոյականության մասին այլեւս չեմ խոսում, բոլոր սահմանները». Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ մենք գրել էինք, որ ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները չեն խնայելու եւ ոչ մեկին, իրավապահներին հանձնարարական է տրվել փորփրել ընդդիմադիրների անձնական օգտահաշիվները, կոմպրոմատների փաթեթներ կազմել, որ հարկ եղած պահին հրապարակեն։ Հատկապես «պրիցելի» տակ են ԲՀԿ-ականները, մանավանդ՝ ակտիվները։ 10 օր անց մեր հրապարակումը հաստատվեց՝ երեկ համացանց նետվեցին Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ զրույցների ձայնագրությունները, որտեղ պատգամավորները հունից դուրս էին եկել եւ վիրավորական բառապաշար օգտագործել։ Օրինակ, Նաիրա Զոհրաբյանին, պարզվում է, սադրել է արտերկրում ապրող մեր մի հայրենակցուհի, ում Զոհրաբյանը հակադարձել է․ «Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից»։

Երեկ Զոհրաբյանից հետաքրքրվեցինք համացանցում տարածված ձայնագրության մասին։ – Ես ասել եմ, որ այս իշխանությունն անցել է օրենքի, օրինականության, բարոյականության մասին այլեւս չեմ խոսում, բոլոր սահմանները։ Նրանք բացահայտ մեր օգտահաշիվներից, կոնկրետ իմ պարագայում՝ մեսինջերից հրապարակում են մեր անձնական զրույցները։ Երկու կարծիք լինել չի կարող, որ հենց իշխանություններն են այս ամենը կազմակերպել, ավելին՝ ուղղորդում են մարդկանց նման զրույցների։

Կոնկրետ այս կինն ինձ ամենաայլանդակ, ամենասեռապաթոլոգիկ հայհոյանքներն էր ուղարկել։ Ես վստահ եմ, մի րոպե անգամ չեմ կասկածում, որ դա կազմակերպվել էր Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Իրենց նպատակը մեզ հունից հանելն է, ինչը չի հաջողվի։ Ես, իհարկե, չեմ կարող այդ կնոջ բառերը կրկնել, ամենասեռապաթոլոգիկ տղամարդն անգամ նման հայհոյանքներ չէր տա, որին ի պատասխան՝ ես ուղարկել եմ ձայնային հաղորդագրություն եւ այդ «վոյսը» տեղադրել եմ իմ էջում՝ ասելով, որ ես հասկանում եմ բոլոր չկայացած, չսիրված, կյանքում անհաջողակ կանանց, ովքեր իրենց հայրենիքում չկայանալով՝ փախչում են, լքում իրենց երկիրը եւ այնտեղից սկսում են հայհոյել։ Ես հասկանում եմ, թե ինչի համար է արել սա իշխանությունը, ավելին, ես անգամ տեղեկություն ունեմ, թե որն է լինելու իշխանության հաջորդ քայլը․ իրենք կազմակերպելու են Հայաստանը լքած մեր հայրենակիցների «բուռն ընդվզումը», որ ես իրենց անվանել եմ «մի կտոր լափի համար երկրից փախած»։

Սիրելի իմ սփյուռքահայ հայրենակիցներ, չընկնեք այս իշխանության խայծի մեջ։ Ես մեծապես հասկանում եմ, թե ձեզանից շատերն ինչու են լքել Հայաստանը՝ անարդարությունների, երեխաների ու ծնողների հիվանդությունների պատճառով։ Ես իմ գլուխն եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր հայրենիքից դուրս կարողանում են եւ փորձում են ամեն ինչ անել, որ ոչ թե Հայաստանում այս իրավիճակի վրա յուղ լցնեն՝ ավելի, բորբոքելու այս ներքին ատելությունը, այլ հանդարտեցնելու համար։ Իսկ բոլոր նրանք, ովքեր լքել են հայրենիքը եւ այնտեղ նստած սկսում են հայհոյել, եւ կապ չունի՝ ինձ, վարչապետին են հայհոյում, թե իշխանությանը կամ ընդդիմությանը, բոլոր նրանց ես շարունակում եմ ասել, որ դուք չկայացած եք, չար եք, եւ ձեր իսկ ատելությունն ու թշնամանքը բումերանգի պես շուռ է գալու ձեր դեմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս