Արտաշատի ԲԿ-ն սպասարկել է կորոնավիրուսով վարակված 1000 պացիենտի, 971-ը առողջացած դուրս է գրվել
Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտի:
«Հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:
Արձանագրվել է մահվան 29 դեպք /0,3%/ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Այսպիսով, այս ընթացքում կենտրոնից առողջացած դուրս են գրվել 971 պացիենտներ: Ունեցել ենք 80 տարեկանից բարձր 29 պացիենտ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել»,-հայտնում են ԲԿ-ից:
Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենատարեց պացիենտը 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, ով օրեր առաջ առողջացած դուրս է գրվել կենտրոնից:
Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 պացիենտ: