ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Արթուր Ղազինյանի հաղորդման վերաբերյալ քրգործ չհարուցելու մասին
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հայտարարությունների վերաբերյալ, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը։
Պարզաբանումը՝ ստորև․
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020 թ. հունիսի 12-ին իր կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմանը, մի շարք հայտարարություններ է արել, որոնք դուրս են որոշման ընդհանուր կոնտեքստից և չեն համապատասխանում դրա բովանդակությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:
Արթուր Ղազինյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից կատարվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ քննության արդյունքներով վերջնական օբյեկտիվ որոշում կայացնելու համար: Արդյունքում՝ պարզվել է, որ հանցագործության մասին հաղորդում տված անձ Արթուր Ղազինյանը մի շարք սուբյեկտիվ դատողություններ ներկայացրել է իբրև պաշտոնատար անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններ:
Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշմանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համատեղ վերլուծության և գնահատման արդյունքում ձեռք չեն բերվել տվյալներ այն մասին, որ ՀՀ գործադիր իշխանության որևէ պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը կամ մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն է թաքցրել կամ աղավաղել կամ կատարել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցավոր արարք, հետևաբար` վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 278-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, և որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի կողմից նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ի պատասխանում նշված է, թե ինքը դատողություններ է արել կորոնավիրուսով վարակվելու առաջին գրանցված դեպքից 5-ից ավելի ամիս հետո, ապա անհրաժեշտ ենք համարում փաստել, որ վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված առաջին դեպքը Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 2020թ. մարտի 1-ին, ինչի մասին հստակ հիշատակված է քննիչի որոշման մեջ: Որոշման տեքստում միայն մեկ անգամ հանդիպող «առաջին հաստատված դեպքից ավելի քան 5 ամիս» ձևակերպումը ընդամենը տեխնիկական վրիպակ է»։