Ղազախստանի կառավարությունն առաջարկել է սահմանել երկշաբաթյա կարանտին
Ղազախստանի կառավարությունն առաջարկում է երկրում հուլիսի 5-ից սահմանել երկշաբաթյա կարանտին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը:
Ավելի վաղ Տոկաեւը կորոնավիրուսի դեմ պայքարի պետական հանձնաժողովին հանձնարարել էր մշակել եւ իրեն առաջարկություն ներկայացնել երկրում խիստ կարանտին սահմանելու վերաբերյալ:
«Կառավարությունը ներկայացրել է հուլիսի 5-ից 14-օրյա ժամկետով (հնարավոր է երկարացում) կարանտինի սահմանման պլան: Վաղը ՄԳՀ-ի (միջգերատեսչական հանձնաժողով) նիստից հետո առողջապահության նախարարը հանդես կգա պարզաբանումներով»,-գրել է Տոկաեւը Twitter-ում:
Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 41 հազար դեպք, ավելի քան 13,5 հազար պացիենտներ ապաքինվել են, գրանցվել է 188 մահվան դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: