Իշխանությունը յուրացնելու և Սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ դատախազությունում հաղորդում ներկայացվեց
«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
«Խոսքը վերաբերում է դեռևս, արդեն շուրջ 2 տարի սկսված Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացմանը և այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին»,- գլխավոր դատախազություն դիմումը ներկայացնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Արսեն Բաբայանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը ներառում է վերջին 2 տարվա ընթացքում նախաձեռնված և իրականացված ամբողջ գործընթացը:
«Մենք հիշում մենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում, եթե հիշում եք, օրենքի խախտում կար, որ երկրորդ անգամ չի կարող ներկայացնել: Բացի այդ, հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո արդեն ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները, մասնավորապես՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու այդ, այսպես ասած՝ ապօրինի կաշառքի օրենքը, դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե՛ Սահմանադրական դատարանի նախագահի սանիկների հանդեպ, և թե՛ ընդհանրապես ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ:
Դրան հաջորդեց, ինչպես գիտեք, Սահմանադրության փոփոխությունները այս վերջին: Եվ այսօր էլ պետք է Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարվի, որի ընթացքում պետք է, այսպես ասած, իրենց փնթի աշխատանքը փորձեն սղագրել, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, որը չի իրականացվել»,- ասաց Արսեն Բաբայանը:
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ այդ ողջ ընթացքում բազմաթիվ տարբեր հանցավոր արարքներ են տեղի ունեցել, օրինակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հաղորդագրության հրապարակումը ՍԴ նախագահի պաշտոնակատարի նշանակման մասին:
Արսեն Բաբայանը նաև հայտնեց, որ պաշտոնական լիազորությունների անցում հոդվածով ևս ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված բազմաթիվ խախտումներին և պաշտոնական լիազորություններն անցնելուն:
«Օրինակ, հենց նույն Սահմանադրության փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը: Բայց մինչդեռ մենք տեսանք, որ առաջարկություն ներկայացվեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի կողմից, ինչը և ընդունվեց հանձնաժողովի կողմից: Սա ևս Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»,- նշեց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ երեկ «Բարգավաճ Հայաստան», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած համատեղ աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ հանցագործության մասին հաղորդում պետք է ներկայացնեին ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: