Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»
tert.am. Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նրանց խոսքով, «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի», գրում է BBC-ն։
Վիրուսը, որը կոչվում է G4 EA H1N1, փոխանցվում է խոզերի միջոցով, ասված է նոր հետազոտական հոդվածում։
Գիտնականների համաձայն՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, ամենայն հավանականությամբ, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։
Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով՝ «մենք չպետք է անտեսենք ստացված արդյունքները»։
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Քին-Չոու Չանը BBC-ին ասել է.«Հիմա մենք տարված ենք կորոնավիրուսի դեմ պայքարով, ինչը բնական է, սակայն չպետք է անտեսել վտանգավոր նոր վիրուսների տարածման հնարավորությունը»։
Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է. «G4 վիրուսներն ունեն «համավարակի վիրուս դառնալու» բոլոր զգալի հատկանիշները։ Անհանգստացնող է այն փաստը, որ խոզաբուծության ոլորտի աշխատողները ցույց են տալիս G4 վիրուսի նկատմամբ գերզգայունություն»։
Նրանց պնդմամբ՝ հիշյալ վիրուսը նման է խոզի գրիպին, սակայն որոշ էական տարբերություններ կան այդ երկու վիրուսների միջև։
Հետազոտողները նաև հայտարարել են, որ G4 EA H1N1 անվանումով նոր վիրուսը դեռևս մեծ տարածում չի գտել Չինաստանում, սակայն առկա են վկայություններ այն մասին, որ տեղական սպանդանոցների աշխատողների և խոզաբույծների շրջանում մեծանում է վարակակիրների թիվը։
Գիտնականները խորհուրդ են տվել արագ միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարելու ուղղությամբ: