19․5 մլն դրամ աշխատավարձ ԱՆ-ից և ՊԵԿ-ից․ Ռուստամ Բադասյանի 2019 թվականի հայտարարագիրը
Ռուստամ Բադասյանը 2019 հունիսի 19-ին արդարադատության նախարար նշանակվելուց հետո մինչև նախորդ տարեվերջ ստացել է 8 մլն 779 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Մինչ նախարար դառնալը, Ռուստամ Բադասյանը զբաղեցրել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը և ՊԵԿ-ում աշխատանքի դիմաց 2019 թվականին ստացել է 8 մլն 622 հազար դրամ աշխատավարձ, ևս 2 մլն 57 հազար դրամ այլ եկամուտներ՝ կրկին ՊԵԿ-ից։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Ռուստամ Բադասյանի ներկայացրած հայտարարագրից։
Արդարադատության նախարարն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց՝ 1996 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին։
Ռուստամ Բադասյանը «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ին 45 մլն 584 հազար դրամի փոխառություն (վարկ) է հանձնել, իսկ 41 մլն դրամ փոխառություն է ստացել «Ամերիա» բանկից։
Տարեսկզբին Ռուստամ Բադասյանի բանկային հաշվին առկա է եղել 6 մլն 755 հազար դրամ, 371 եվրո, տարեվերջին՝ 3 մլն 279 հազար դրամ, 582 եվրո։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 849 եվրո, տարեվերջին՝ 340 դոլար։
Ռուստամ Բադասյանի կինը՝ Տաթևիկ Սարգսյանը ևս անշարժ գույք չունի։ Նրա կինը ևս չի հայտարարագրել տրանսպորտային միջոց։ Տարեսկզբին Տաթևիկ Սարգսյանի 401 հազար դրամ է ունեցել բանկային հաշվին, 238 հազար դրամ կանխիկ դրամ, իսկ տարեվերջին՝ 75 հազար դրամ՝ բանկային հաշվին, 150 հազար դրամ՝ կանխիկ։ Ռուստամ Բադասյանի կինը հայտարարագրում նաև ներկայացրել է 6800 դոլար ավանդ։
2019 թվականի ընթացքում Ռուստամ Բադասյանի կինը «Թի Ար Լո Ֆըրմ» ՍՊԸ-ից ստացել է 1 մլն 647 հազար դրամ աշխատավարձ։ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետի աշխատանքի դիմաց էլ Տաթևիկ Սարգսյանը ստացել է 2 մլն 81 հազար դրամ։