Մի քանի օր առաջվա նամակը փորձել են նորի տակ «սղղացնել»

Հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ-ում, բայց արդեն ոչ թե՝ ՍԴ նախագահի, այլ՝ դատավորի կարգավիճակում:

Իշխանությունը, իրենց ասած, սահմանադրական ճգնաժամը փորձեց լուծել՝ կոպտորեն խախտելով ոչ միայն՝ Սահմանադրությունը և սահմանադրական օրենքները, այլև՝ անտեսելով  Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումը: Այն է՝ Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ «Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում Հանձնաժողովի եզրակացության մեջ արտահայտած դիրքորոշումներին» (եզրակացության 82-րդ կետ)։ Սակայն Արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։

Այսօր էլ  տարածվեց Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ նամակը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ առկա միտքը, թե՝ «խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը», իշխանությունը փորձում է ներկայացնել, թե իբր Բրյուսելը ողջունել է սահմանադրական փոփոխությունների իշխանության գաղափարը:

Մինչդեռ yerkirmedia.am-ին հայտնի է դարձել, որ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների՝  Փաշինյանին հասցեագրված նամակը  պաշտոնապես թվագրված է հունիսի 22-ով:

168.am-ը քիչ առաջ հարց է ուղղել Եվրոպական խորհրդին և Եվրոպական հանձնաժողովին՝ այն մասին, թե հայաստանյան ԶԼՄ-ներում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ նամակը՝ հղված Նիկոլ Փաշինյանին, ե՞րբ (օր և ամսաթիվ) է ուղարկվել հասցեատիրոջը: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:

Տեսանյութեր

Լրահոս