«ԲԴԽ-ն կանգնած է դատավորի մեջքին և պատրաստ է պաշտպանել նրան». Գրիգոր Բեքմեզյան

168.am«Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն է:

– Երեկ տեղեկացանք, որ Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին ոստիկանությունը թիկնապահ է տրամադրել այն բանից հետո, երբ ԲԴԽ-ն դիմել է ոստիկանություն՝ վերջինիս անվտանգությունն ապահովելու խնդրով: Դուք վատ չե՞ք զգում, որ մենք բոլորով ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ դատավորն իր կայացրած դատական ակտի համար կարող է ենթարկվել ֆեյսբուքյան կտտանքների կամ առարկայական սպառնալիքների ու ստիպված լինել շրջել թիկնապահի ուղեկցությամբ:

– Շատ ցավալի փաստ եք արձանագրում: Իհարկե, շատ վատ ենք զգում, և ցանկալի չի, որ նման բան տեղի ունենա: Բայց, ցավոք, պետք է նշեմ, որ հիմա մեր հասարակությունն այնպիսի բացասական վերաբերմունք ունի դատական համակարգի ու դատական իշխանության նկատմամբ, որն ինչ-որ տեղ օբյեկտիվ է, ինչ-որ տեղ՝ սուբյեկտիվ, սակայն այդ վերաբերմունքը կայանում է նրանում, որ, եթե դատական ակտը կայացվում է հասարակության մի շերտի սպասելիքներին հակառակ, այդ շերտը պատրաստ է անարգանքի սյունին գամել նրան: Ի հակառակ դրան՝ մյուս շերտը պատրաստ է գովասանքի խոսքեր ասել դատավորին: Տեղի է ունենում ծայրահեղությունների բախում, և դա բերում է նրան, որ դատավորի նկատմամբ վերաբերմունքը դառնում է վիրավորական, քան քննադատական:

Քննադատությունը միշտ պետք է ընդունվի և լսվի, բայց երբ որ քննադատությունը վերածվում է վիրավորանքի, անթույլատրելի է: Դատապարտելի է, որ վիրավորանքը երբեմն վերածվում է սպառնալիքի, և պետությունն ու ԲԴԽ-ն ամեն ինչ պետք է անեն դա կանխելու համար: Բայց դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի դատական համակարգ, որը վստահելի լինի հանրության կողմից: Հանրությունը պետք է վստահ լինի, որ ԲԴԽ-ն կանգնած է դատավորի մեջքին և պատրաստ է պաշտպանել նրան, եթե կլինի նրա կյանքին, առողջությանը, ընտանիքին ու մասնագիտական գործունեությանն ուղղված վտանգ: Բայց ֆեյսբուքյան գրառումների դեպքում ԲԴԽ-ն ի՞նչ կարող էր անել: Հայհոյողների մի մասը ֆեյքեր են, մյուս մասն էլ ապրում է Հայաստանից դուրս: Պետք է արհամարհել հայհոյախառն արտահայտությունները: Ինչքան դու ուշադրություն ես դարձնում դրանց, այնքան հայհոյողն ավելի է ոգևորվում: Իսկ հայհոյանքի նպատակը որևէ կերպ դրա հասցեատիրոջը նսեմացնելն է:

– Դուք ասում եք՝ ԲԴԽ-ն ի՞նչ կարող է անել: Չե՞ք կարծում, որ, եթե առաջին դեպքի ժամանակ, երբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսվեցին հարձակումները, ԲԴԽ-ն հայտարարությամբ հանդես գար, նույնքան հետևողական լիներ, որքան այժմ, միգուցե չլինեին այս դեպքերը:

– Ցավոք սրտի, պարոն Ազարյանն այն ժամանակ ԲԴԽ-ին չէր դիմել և չէր խնդրել, որ մենք իրեն օգնենք: ԲԴԽ-ն պարտավոր չէ, և մենք դրա ժամանակն էլ չունենք, որ բոլոր ստատուսների տակի քոմենթները կարդանք: Մենք լրատվությանը հետևում ենք: Եթե մենք տեսնում ենք, որ դատավորին վիրավորում կամ նրան սպառնացող հայտարարություններ են անում հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ և այլն, մենք անմիջապես արձագանքում ենք: Ֆեյսբուքյան գրառումների դեպքում չենք կարող այդքանին արձագանքել, և սխալ էլ կլինի արձագանքել: Դատավորի դիմելու դեպքում մենք պարտավոր ենք արձագանքել: Պարոն Ազարյանը մեզ դիմեր, անմիջապես կարձագանքեինք: Լինում են դեպքեր, երբ մենք ուղղակի զանգում ենք դատավորին և հարցնում՝ արդյո՞ք ամեն ինչ նորմալ է: Ազարյանի դեպքը եղավ անցած տարի ամռանը: Եկեք ընդունենք, որ այդ ժամանակ ԲԴԽ-ն դեռ նոր էր ձևավորվում, և միգուցե մենք ինչ-որ տեղ նաև թերացել ենք: Ես չեմ ուզում, որ մեզ մեղադրեն, թե իբր մենք տարբերություն ենք դնում դատավորների միջև: Դա այդպես չէ:

– Հասկանալի է, որ դուք իրադարձությունների կիզակետում եք և ձեր կառույցի ներսում անարձագանք չեք թողնում որևէ միջադեպ, բայց հասարակության համար դա տեսանելի չէ: Դուք ասացիք, որ, երբ տեսնում եք, որ դատավորին վիրավորում կամ նրան սպառնացող հայտարարություններ են անում հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ և այլն, անմիջապես արձագանքում եք: Բայց չարձագանքեցիք, երբ «Սասնա ծռերի» նիստերից մեկից հետո Ժիրայր Սէֆիլյանը, օրինակ, այդ գործով դատավոր Մեսրոպ Մակյանին անվանեց «նախկինների ենիչերի» և «պետության զավթման գործիք»:

– Նախ Մեսրոպ Մակյանը մեր գործընկերն է, ԲԴԽ անդամ, որի հետ ամեն օր շփվում ենք, խոսում, քննարկում, և մենք որևէ իրավունք չունենք առանց իր համաձայնության և ցանկության այս հարցով որևէ գործողություն անել: Դա իր դատավարությունն է, և ինքը պատասխանատվություն է կրում դրա համար: Բայց ես նույնիսկ խրախուսական եմ համարում իր գործողություններն այս հարցով, որ ինքը չի ցանկացել ընթացք տալ, որովհետև ինքը, շատ լավ հասկանալով, որ դատավարությունը դեռևս շարունակվում է, և պետք չէ ամեն արտահայտությանը պատասխանել և լարել իրավիճակը, որոշեց դեռևս ոչինչ չանել: Ես վստահ եմ, որ ինքը զգում է մեր աջակցությունը, որովհետև եթե դա այդպես չլիներ, ես դա կնկատեի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս