«Բոլոր հիմքերն ունեմ մինչ վերջ հասցնելու և հաղթանակելու համար։ Մյուս երկու դատավորները ևս, կարծում եմ՝ չեն լռի». ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյան

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում ՍԴ-ի վերաբերյալ ընդունված նախագիծը չի կարող իրեն վերաբերել։

«Ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից, իսկ եթե ավելի հստակ լինենք՝ հոկտեմբերի 1-ից, քանի որ պարտականությունների կատարմանն անցել եմ այդ ժամանակ»,- ՍԴ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը։

Հարցին՝ այսինքն՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց.

«Ես գտնում եմ, որ այո։ Ես չեմ կարծում, որ բանը վիճարկելուն կհասնի։ Դա իշխանությունների ընդունած օրենքն է, բայց կարծում եմ՝ այդ նորմն ինձ վրա չի տարածվի»։

Ինչ վերաբերում է երեկ ընդունված նախագծին, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ նախագծի սահմանադրականության վերաբերյալ գնահատականներ չի տա.

«Նախ՝ դրա համար վաղ է, երկրորդն էլ՝ չեմ բացառում, որ որևէ մեկը կդիմի ՍԴ, և ես չեմ ցանկանում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելու համար»։

Հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կարո՞ղ են դիմել ՍԴ, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, թե ենթադրում է, որ կարող են դիմել.

«Սա, իհարկե, պետք է ուսումնասիրել, դրան ես չեմ անդրադարձել, գիտեք, որ երբ ցանկացած հարց մուտքագրվում է ՍԴ, մենք առաջին հերթին նայում ենք՝ այն համապատասխանո՞ւմ է օրենքին, թե՞ ոչ»։

Նա նաև ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց։

«Մեր Սահմանադրական դատարանը նախկինում էլ քննության է առել ՍԴ-ի մասին օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,- նշեց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ համոզված է՝ նախագիծն իր վրա չի ազդելու։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, Ալվինա Գյուլումյանն ասաց. «ՎՀ-ի խորհրդատվական կարծիքներում էլ կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել։ Բայց դրանք, իհարկե, խորհրդատվական եզրակացություն են և ամեն կոնկրետ դեպքում դրանք պետք է գնահատվեն։ Ինչպես նաև՝ հնարավոր գործի քննության դեպքում կարող է գնահատվել Սահմանադրական դատարանի կողմից։ Ես այդ նախագծին որևէ գնահատական չեմ տա, ինքս՝ որպես շահագրգռված անձ, կարդացել եմ այդ օրինագիծը և արդեն ընդունված օրենքը, կարծում եմ՝ այն ինձ վրա չի տարածվում։ Նախկինում ինչ պաշտոներ եմ զբաղեցրել, դա որևէ նշանակություն չունի, պաշտոնավարում՝ նշանակում է՝ այդ նշանակումով պաշտոնավարել»։

Նա նաև տեղեկացրեց, որ ՍԴ դատավորները կարող են հարցը վիճարկել վարչական դատավարության կարգով՝ կսպառեն ներպետական միջոցները և կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան.

«Անձամբ ես դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչ վերջ հասցնելու և հաղթանակելու համար։ Մյուս երկու դատավորները ևս, կարծում եմ՝ չեն լռի, բայց սա իրենց որոշելիք հարցն է։ Գիտեք, պաշտոնավարելն ինքնանպատակ չէ , ես ժամկետից մեկ տարի շուտ Եվրոպական դատարանից վերադարձել եմ, լավ հաշվարկելով, որ այդ մեկ տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան  կստանամ այստեղ ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում։ Ես մտածել եմ, որ ունեմ այդ ուժը, կարողությունը, որպեսզի կարողանամ այնտեղ իմ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել այստեղ։ Ինչ-որ մարդկանց դա հիմար որոշում է թվացել, թե ինչպես կարելի էր Եվրոպան թողնել ու գալ, նույնիսկ ուղիղ նման արտահայտություն է եղել և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների կողմից։  Դա իմ տեսակն է, ես եկել եմ, որպեսզի կարողանամ իմ երկրւմ նպաստել իրավունքի զարգացմանը»։

Ալվինա Գյուլումյանը Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման հետ կապված ոչինչ չասաց՝ նշելով, որ ուրիշների փոխարեն ինքը չի կարող պատասխանել։
Հաջորդ հարցին՝ այս գործընթացն ի վերջո իրավակա՞ն էր, թե՞ քաղաքական, Ալվինա Գյուլումյանն ասաց, որ խորհրդարանը քաղաքական մարմին է, և նույնիսկ օրենքների ընդունումը կարող է լինել քաղաքական։

Նա նաև շեշտեց, որ հանրությունից անձամբ ազդակներ չի ստացել, որ ՍԴ-ին չեն վստահում։

«Այստեղ ինչ-որ մարդիկ եկել հավաքվել են, բայց այդ 10 հոգուն ես չեմ համարում ժողովուրդ, կամեցողներ ու չկամեցողներ կարող եմ ունենալ։ 20 հոգի էլ հակառակ կողմից են կանգնել, հիմա ինչ բերենք բախման։ Ես կարող եմ տեսնել մեկին, որը կարողացել է ընդունել ավելի համարձակ որոշումներ և՛ նախորդ իշխանության, և՛ մյուսի դեմ ավելին է արել, քան ես եմ արել։ Խորհրդային Միության տարիներին ես այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել  և պարտավորեցրել Գերագույն խորհրդի նախագահին պատասխանել քաղաքացու նամակին։ Առաջին նախագահի օրոք այն դատավորն եմ եղել, որ կողքից ամեն տեսակ ճնշումներին հակառակ՝  երկրորդ անգամ չի կասեցրել Դաշնակցության գործը։ 1995 թվականի ընտրությունների արդյունքով գործ քննելիս կարողացա դահլիճում կանգնել և ասել, որ դատարանը իրենց համար ստալինյան տրոյկա չէ, որ ինչ բերեն՝ մենք դակենք։ Ի վերջո, ես այն դատավորն եմ, որ ՄԻԵԴ-ում քվեարկել եմ այն որոշումների օգտին, որոնցով խախտումներ են արձանագրվել և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահի իշխանության օրոք։ Այս պարագայում, եթե որևէ մեկն ինձ պետք է ասի՝ կախյալ, նա առնվազն մեղանչում է իր խղճի դեմ»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս