Ինչ փոխվեց Արթուր Ջավադյանի հեռանալուց հետո. ԿԲ-ն որոշել է «մեծ քայլերով» նվազեցնել տոկոսադրույքը

Ավարտվեց Արթուր Ջավադյանի երկարամյա գործունեությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Վարչապետի որոշմամբ՝ նա այլևս հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահը զբաղվելու է դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցերով։

Արթուր Ջավադյանին փոխարինեց ԿԲ խորհրդի այլևս նախկին անդամ Մարտին Գալստյանը։

Թեև Մարտին Գալստյանը նոր մարդ չէ Կենտրոնական բանկում, այնուհանդերձ նրա կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հրավիրված նիստում ԿԲ խորհուրդը որոշեց «սրբագրել» Արթուր Ջավադյանի գլխավորությամբ համավարակի պայմաններում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը և ավելի մեծ քայլերով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Հիշեցնենք, որ խոսքը փողի գնի իջեցման մասին է։

«Հաշվի առնելով արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման դանդաղումը, առկա ցածր գնաճային միջավայրը և ձևավորված բարձր անորոշության բացասական ազդեցությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելի մեծ քայլով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- արձանագրվել է ԿԲ խորհրդի հունիսի 16-ին հրավիրված նիստում։

Այնպես չէ, որ համավարակից հետո Կենտրոնական բանկն առաջին անգամ է գնում տոկոսադրույքի նվազեցման։ Սա արդեն երրորդ նվազեցումն է։ Նախ՝ դա արվեց մարտին, ապա՝ նաև ապրիլին։ Սակայն նախկինում ԿԲ-ն ավելի զգուշավոր քաղաքականություն էր վարում տոկոսադրույքի հարցում։ 2 անգամ էլ այն նվազեցվեց 0,25 տոկոսային կետով։

Արթուր Ջավադյանի հեռանալուց անմիջապես հետո ԿԲ խորհուրդը կրկնակի քայլ կատարեց։ Այս անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվեց միանգամից 0,5 տոկոսային կետով։

Սա զուգադիպությո՞ւն էր, թե՞ սկզբունքային փոփոխություն, դեռ ժամանակ կլինի հասկանալու։

Ամեն դեպքում, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանը կարծես ավելի զգուշավոր և զուսպ քաղաքականության կողմնակից էր, ինչը բազմաթիվ անգամ ապացուցել է իր արդյունավետությունը։ Դրա վկայություններից մեկն էլ համավարակի պայմաններում Հայաստանի ֆինանսական համակարգի դրսևորած համեմատաբար կայուն վարքագիծն էր՝ ի տարբերություն աշխարհի շատ երկրների։

Կենտրոնական բանկի նախագահի փոփոխությունից հետո վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ավելի մեծ քայլը թե որքանո՞վ կարդարացնի իրեն, ցույց կտա ժամանակ։ Խնդիրն այն է, որ այս պահին համաշխարհային տնտեսության մեջ, ապրանքային շուկաներում ու ֆինանսական հատվածում անորոշությունները շարունակում են չափազանց բարձր լինել։ Որքան էլ հումքային ապրանքների շուկաներում նկատվում է գների որոշակի աճ, այնուհանդերձ ռիսկերը դեռևս չափազանց շատ են։ Չի բացառվում, որ առաջիկայում համաշխարհային տնտեսությունը դեռ կարող է բախվել համավարակի երկրորդ ալիքին։ Իսկ դրա հետևանքները տնտեսության վրա ու ֆինանսական համակարգերում նույնիսկ դժվար է պատկերացնել։

Այս անորոշությունների պայմաններում Կենտրոնական բանկի քայլը կարող է ռիսկային համարվել։ Չնայած մյուս կողմից՝ միանգամայն հասկանալի են վերջինիս մտահոգությունները։ Հայաստանի տնտեսությունը բախվել է լրջագույն խնդիրների, ինչը տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում հանգեցրել է ակտիվության կտրուկ անկման։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն այն գործիքն է, որով ԿԲ-ն փորձում է որոշակի խթաններ հաղորդել տնտեսությանը՝ մեծացնելով ֆինանսական միջոցների ներարկման հասանելիությունը։ Թեև դեռ մեծ հարց է, թե տնտեսությունը որքանով է ի վիճակի այն կլանել։ Վարկային բեռը Հայաստանում առանց այդ էլ ծանրաբեռնված է, իսկ հավելյալ ծանրաբեռնումն ամենևին էլ ցանկալի չէ։

Ամեն դեպքում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարել այս անգամ տոկոսադրույքի նվազեցման ավելի մեծ քայլ կատարել՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով կկարողանա օժանդակել տնտեսությանը։ Հատկապես որ, սպասումներն այստեղ լավատեսական չեն։

Կենտրոնական բանկի գնահատականներով՝ երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսության ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված՝ ինչպես առաջարկի, այնպես էլ՝ պահանջարկի գործոններով:

Առաջարկի մասով նվազումը կապվում է առավելապես շինարարության ու ծառայությունների ոլորտում արձանագրված անկման հետ։ Պահանջարկի տեսանկյունից, ԿԲ խորհրդի կարծիքով՝ անկումը կարտահայտվի հիմնականում մասնավոր ծախսումների կրճատմամբ՝ թե՛ սպառման, և թե՛ ներդրումների առումով։ Ու թեև նախորդ տարվա համեմատ հարկաբյուջետային քաղաքականությունն ունի խթանող ազդեցություն, այնուհանդերձ մասնավոր պահանջարկի նվազման ազդեցությունները կգերակշռեն՝ պայմանավորված համավարակի հետ կապված անորոշությունների պահպանմամբ:

Այս պայմաններում Կենտրոնական բանկը նպատակահարմար է համարում ոչ միայն հիմա մեծ քայլ կատարել վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հարցում, այլև հակված է խթանող քաղաքականությունը շարունակել նաև հետագայում։

«Խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, որի ներքո գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի ցածր մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում»,- ասվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության վերաբերյալ ԿԲ հաղորդագրության մեջ։

Տարեսկզբի 5 ամիսների տվյալներով, Հայաստանում գնաճը գտնվում է ցածր մակարդակում, ինչն էլ թույլ է տալիս ԿԲ-ին գնալ ավելի համարձակ քայլերի և այդ ճանապարհով փորձել օժանդակել կառավարությանը։ Բայց այդ քայլերի արդյունավետությունը կախված է նաև կառավարության գործողություններից։ Պատահական չէ, որ պահանջարկի վերականգնման գործում Կենտրոնական բանկը տոկոսադրույքի նվազեցումից բացի՝ առանցքային է համարում հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը։ Իսկ այդ հարցում կառավարությունը մշտապես թերանում է։

Ինչպես նախկինում՝ շարունակում է խնդրահարույց լինել ծախսերի կատարումը։ Մինչդեռ, տնտեսական ճգնաժամի պայմաններում ծախսերի ընդլայնումը կարևոր նշանակություն ունի տնտեսական հատվածին ակտիվություն հաղորդելու գործում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս