«Ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան». Ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ աջակիցներին

«Մենք բոլորին և ֆիքսել ենք դեմքերով, և բարձրախոսով հայտարարել ենք, նույն մարդիկ «ա» կետից տեղափոխվում են «բ» կետ և ասում են՝ հավաքի մասնակից չենք: Մենք մինչև բերման ենթարկելը և զգուշացրել ենք և ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան: Այս պահին hավաքի վայրը հանդիսանում է հարակից այս փողոցները»,-Ազգային ժողովի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանը՝ հավելելով, որ պահանջին չենթարկվողներին օրենքի պահանջով տարել են ոստիկանություն:

Հարցին՝ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին բռնությամբ տանելն օրինական պահա՞նջ է, ոստիկանը պատասխանեց.

«Մենք տեղյակ չենք, թե ինքն ով է, մեզ համար քաղաքացին քաղաքացի է: Ինքը դիմադրություն ցույց տվեց ոստիկանին, ոստիկանի օրինական պահանջը չկատարեց ու մինչև վերջ էլ դիմադրություն էր ցույց տալու»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ի դիմաց հավաքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի խումբ աջակիցներ, որոնցից մի քանիսին՝ մոտ 2 տասնյակ մարդու, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին:

Տեղեկացնենք նաև, որ ժամը 11:00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Այս մասին 168.am-ին տեղեկացրել են ՀՀ Ոստիկանությունից: Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:

Տեսանյութեր

Լրահոս