Գլխավոր  դատախազը ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

«Միջնորդում եմ՝ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ իր կողմից երեկ ԱԺ նախագահին ներկայացրած միջնորդագիրը։

Ըստ գլխավոր դատախազի՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով և անձնական շահերից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց 2019 թվականին նրանց օգտին կատարել է գործողություններ, կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի «Կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք» փաստաթղթերի անխոչընդոտ ստացման գործընթացը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ շինարարական և կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Երևանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր» շինարար կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին։ Սույն քրեական գործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով խուզարկություններ են անցկացվել «Երևանշին» ընկերությունում։ Նաև առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017 թվականին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի՝ ներառյալ ընտրողներին ընտրակաշառք տրամադրելու վերաբերյալ»,- նշեց Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազն ԱԺ-ին ներկայացրած մինորդագրից ընթերցեց նաև, որ  Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդող ժամանակահատվածում ևս քվեներ է ապահովել ընտրակաշառք բաժանելու միջոցով, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններում կազմակերպվել են ընտրողների զանգվածային վերագրանցումներ:

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ, և մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար»,- եզրափակեց հանրապետության գլխավոր դատախազը։

Տեսանյութեր

Լրահոս