Բաժիններ՝

Այսօր սրտի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային համակարգի հիվանդություններն աշխարհում մահվան հիմնական պատճառներն են: Չնայած սրտանոթային համակարգի հիվանդությունների մեծ մասը կարող են կանխվել, այնուամենայնիվ, դրանց թիվը շարունակում է աճել: Պատճառն այն է, որ ըստ ԱՀԿ-ի, կանխարգելիչ միջոցառումներն ադեկվատ չեն:

Սրտանոթային հիվանդություններից ամեն տարի 17,3 մլն մարդ է մահանում: Կանխատեսվում է, որ 2030-ին ցուցանիշը կհասնի 23 միլիոնի:

2011 թվականի Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բուրգում հիվանդություններն ունեն հետևյալ հաջորդականությունը. արյան շրջանառության համակարգի հիվանդություններ` 48%, չարորակ նորագոյացություններ` 19.9%, շաքարային դիաբետ` 4.8%, վնասվածքներ և թունավորումներ` 4.9%:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2011-ին Հայաստանի բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության մակարդակը (48%) գրեթե 2.7 անգամ գերազանցել է տարածվածության (17.3%) մակարդակին:

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից առավել տարածված են հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները:

Այս ամենն, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, արդյունք է այն բանի, որ մեր բնակչությունը վարում է ռիսկային վարքագիծ: Հայաստանի չափահաս բնակչության շրջանում 2009-ին կատարված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն`բարձր է ծխախոտի օգտագործումը, խնդիր են գիրությունը և ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, արյան բարձր ճնշումը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս