«Հայաստանը սկսում է վերածվել քաղաքական ճահճի». Տարասով
168․am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ, «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության խմբագիր-սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։
– Պարոն Տարասով, նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ-ում իր ներկայացվածությամբ երկրորդ կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի տանը, ապա նա կանչվեց հարցաքննության քրեական գործի շրջանակում։ Սա տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի ելույթից հետո, երբ ԲՀԿ ղեկավարը պահանջել էր Կառավարության հրաժարականը։ Ըստ Գագիկ Ծառուկյանի, նախօրեին սկսված գործողությունները քաղաքական հետապնդում է։ Իշխանական շրջանակները պնդում են, որ սա զուտ իրավական գործընթաց է, և ԲՀԿ ղեկավարի հունիսի 5-ի ելույթը պատահական չէր, փորձ էր՝ իրավական գործընթացը ներկայացնել քաղաքական։ Մոսկվայում ինչպիսի՞ն է տպավորությունն այն ամենից, ինչ կատարվում է Երևանում այս օրերին։
– Մենք ամեն դեպքում հույս ունեինք, որ Փաշինյանն ու իր թիմն իրենց իշխանության ամրապնդմանը զուգընթաց (դա բնական է, նորմալ է ամրապնդումը)՝ լրջորեն տրամադրված են երկիրը բարեփոխելու ծրագրի հարցում, նախադրյալներ կստեղծեն տնտեսության զարգացման համար, արտաքին քաղաքականությանն ավելի խորը կոնտուր կհաղորդեն։ Բայց տեղի են ունենում պարադոքսալ երևույթներ. Փաշինյանը դիմում է անցյալին, հաշիվներ է մաքրում պատմության հետ, նկատի ունեմ Քոչարյանին և մյուսներին։ Այսինքն՝ պայքար է ընթանում անցյալի դեմ։ Իսկ ցանկացած իշխանության դեպքում, առավել ևս՝ այն, որ անցյալի դեմ է պայքարում, որը հեղափոխական է, նորմալ է ընդդիմադիր ուժերի ձևավորումը։ Եվ մի իրավիճակում, երբ պետք է տրամագծորեն հակառակն անել՝ ազգի շահերը պաշտպանել ու առաջ մղել, պայքար է նախաձեռնվում ընդդիմության դեմ։ Դա, անկեղծ ասած, մեծ Մոսկվայի և մոսկովյան փորձագետների տեսանկյունից շատ է անհանգստացնում, քանի որ թվում է, թե ավտորիտար Ադրբեջանի ֆոնին՝ Հայաստանը, որտեղ ոմանք ինչ-որ մեկին քննադատում են, մեկը մյուսին ձերբակալում են, երրորդը փողոց է դուրս գալիս, ոստիկանության դեմ են խոսում, ժողովրդավարական զարգացման նշաններ է ցույց տալիս, բայց ներկայումս իրավիճակը թե տարածաշրջանային, թե համաշխարհային այնպիսին է, որ ժամանակը չէ պատմության հետ հաշիվներ մաքրելու համար։ Պետք է մտածել ապագայի մասին, կառուցել նոր պարադիգմաներ, պետք է փնտրել ազգային կոնսոլիդացիայի ուղիներ, պետք է ոչ թե տարանջատվել, այլ միավորվել, որովհետև առջևում դեռ շատուշատ լուրջ խնդիրներ են, որոնք պետք է լուծել, և որոնցից շատերն արդեն իսկ լուծված չեն։ Այստեղից էլ արդեն հայերը սկսում են չընդունել իշխանության կայունության սկզբունքը, ինչը մղում է շատ ուժերի ակտիվանալ, որոնք հավակնում են Փաշինյանին հեռացնել իշխանությունից․ այս փուլում դա լավ նշան չէ, սրանք Հայաստան պետության թուլացման նշաններ են, և ոչ՝ ուժեղացման։
– Ի՞նչ զարգացումներ եք Դուք կանխատեսում։ Հնարավո՞ր է՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին է՛լ ավելի սրվի ներքաղաքական պայքարը։
– Սա շատ վատ է։ Կարծում եմ՝ կարող է իրավիճակի հետագա սրում լինել։ Այս ֆոնին մենք ավելի անհանգիստ էինք Ղարաբաղի համար։ Իսկ հիմա հակառակն է տեղի ունենում։ Ղարաբաղը ներկայումս ամուր, ուժեղ է երևում, իսկ Հայաստանը սկսում է վերածվել քաղաքական ճահճի։ Մեր համակրանքը որևէ մեկի կողմը չէ, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ամրապնդվի, մեր պատմական գործընկերը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում լինի կայուն, իսկ Անդրկովկասյան տարածաշրջանում նմանատիպ գործընկեր Ռուսաստանն ունի միայն Հայաստանի տեսքով, մեզ համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե մենք ունենայինք որևէ որոշում, կառաջարկեինք, այս ամենին գումարած կորոնավիրուսի համավարակը, Ղարաբաղի խնդիրը, աշխարհաքաղաքական անկայունությունը, համաշխարհային անկայունությունը ԱՄՆ-ում, որը փոխում է համաշխարհային գլոբալ քաղաքականության միտումները․․․ Միայն այս տարածաշրջանի ուժերը՝ արևմտյան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հայաստանյան որոշ ուժեր հույսեր էին կապում ԱՄՆ-ի հետ՝ որպես Ռուսաստանին հակակշռող երկիր, սակայն ներկայումս ԱՄՆ-ն է էականորեն փոխվում, ո՞ւմ հետ են հույսեր կապելու այս ուժերը։
Սա իրավիճակի վերաիմաստավորման ժամանակաշրջան է, ժամանակ է, երբ պետք է վերլուծաբաններն ուսումնասիրեն և հասկանան, թե ինչ է կատարվում և ինչպես է պետք քաղաքականություն վարել, և այդ փուլում պետք է կոնսոլիդացվել։ Նման փուլերում սխալ հաշվարկը կարող է հանգեցնել կորուստների։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին կլինի Մոկսվայում՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմին նվիրված շքերթին, սակայն այցի օրակարգի մասին մանրամասներ դեռ չեն հայտնում նույնիսկ պաշտոնական խողովակները։ Այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ գազի հարցում Հայաստանը մերժում ստացավ Ռուսաստանից, իսկ Հայաստանը հրաժարվեց ռուսական վարկից Ատոմակայանի շահագործման համար։ Հայաստանյան հեղափոխությունից հետո նկատում ենք, որ Փաշինյան-Պուտին մակարդակում պաշտոնական և աշխատանքային հանդիպումների մասին պայմանավորվածությունները բավականին ծանր կերպով են ձեռք բերվում, հաճախակի չեն նման բնույթի շփումները։ Ի՞նչ սպասել օրերս կայանալիք այցի օրակարգից։
– Այդ ամսաթիվը ընդհանուր է, առավել ևս՝ հետսովետական երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հատկապես, որը Հայրենական Մեծ պատերազմում շատ կորուստներ է կրել, մենք դա հիանալի գիտենք, ունենք ընդհանուր գնդապետներ։ Հայերի ներդրումն աննախադեպ ու անուրանալի է, ուստի դժվար է պատկերացնել, որ ՀՀ վարչապետը չմասնակցեր այդ շքերթին։
Այնտեղ Ալիևը ևս լինելու է։ Արարողակարգային առումով լինելու են շփումներ, նրանք կհանդիպեն, կշփվեն, կարող են նաև բանակցություններ վարել, սակայն դրանք չեն կարող կրել ֆունդամենտալ բնույթ, քանի որ դա լինելու է այլ արարողության շրջանակում, այնտեղ լինելու ևս 20-ից ավելի ղեկավարներ, և նրանք բոլորը պետք է շփվեն Պուտինի հետ։ Մոսկվայում Փաշինյան-Պուտին շփումների հետ մեծ հույսեր չեմ կապում։ Այլ հարց է, որ նրանք կարող են մեկ այլ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել։
Ձեր զգացողությունները և մեր հետևությունները համընկնում են։ Հայ-ռուսական շփումները, եթե համենատենք Սարգսյանի օրոք ծավալված շփումներին, ապա, բնականաբար, անզեն աչքով է երևում, որ կա սառնություն։ Ինձ թվում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական քաղաքականությունն անկայուն բնույթ է կրում, ՀՀ ղեկավարն անում է հայտարարություններ, որոնց ետևում ոչինչ չկա։ Երբ ՀՀ ղեկավարն ասում է, որ Հայաստանը չի դարձել Ռուսաստանի մարիոնետը, որը, ըստ իս, չի եղել, հարց է առաջանում՝ եթե մարիոնետ է, ինչո՞ւ է շփվում ռուսների հետ ընդհանրապես, քանի որ տրամաբանականն այն է, որ, եթե մեկ միության կազմում ենք, պետք է մեզ դրսևորենք՝ որպես դաշնակից։ Եթե Ձեզ համար բարդ ժամանակներ են, ցանկանում եք, որ ռուսներն օգնեն, ինչպես գազի հարցում, ապա սկսում եք բելառուսների հետ համագործակցել այդ հարցում, ճակատներ ստեղծել, որին ի պատասխան՝ ստանում եք մերժում։ Արվում են անթույլատրելի սխալներ։
Ես միշտ նշել եմ նաև, որ Փաշինյանի հեղափոխությունն ուշացել է գոնե 10 տարով, քանի որ, եթե այն լիներ 10 տարի առաջ, կստանար Արևմուտքի աջակցությունը, իսկ ներկայումս փաշինյանական տիպի ժողովրդավարությունը Եվրոպայում սկսում է մարել, չի ստանում աջակցություն։
Խոսքերով նրան աջակցում են, բայց լուրջ ներդրումներ տնտեսության մեջ չեն արվում, որևէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել Հայաստանի համար, քանի որ կա նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Կա նաև Վրաստանի դառը օրինակը, որը, փաստորեն, Արևմուտքի համար դարձավ հավելյալ բյուջե։
Հայաստանին աջակցել՝ նշանակում է՝ լիովին ստանձնել բյուջեն, այն առաջ տանել և զարգացնել, իսկ արևմտյան տնտեսությունն ու քաղաքական գործիչները դրան պատրաստ չեն, առավել ևս, երբ ԱՄՆ-ը սկսում է հեռանալ Մերձավոր Արևելքից, հեռանալու է նաև Անդրկովկասից։ Այս իրավիճակում երեք ղեկավարներից՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, Փաշինյանը պետք է լիներ այն ղեկավարը, որն ամենամոտը կլիներ Ռուսաստանի հետ, ինչպես Քոչարյանը։ Ինչո՞ւ էին Քոչարյանի հետ նման հարաբերություններ, քանի որ Քոչարյանը երբեք Պուտինի հետ բլեֆի քաղաքականություն չի վարել, մշտապես վարել է Պուտինի հետ «բաց խաղ», նա չի ասել հանդիպմանը մի բան, թիկունքում՝ մեկ այլ բան։ Այստեղից էլ նրա հեղինակությունն է Ռուսաստանում։ Թե նա ինչ օլիգարխ է եղել, ինչպես է պահպանել իր իշխանությունը, դա այլ հարց է, բոլորն էլ ամրապնդել են, ճնշել են ընդդիմությանը, դա այլ հարց է, բայց Պուտինի հետ նրանք բաց են եղել, Սարգսյանն այդքան էլ բաց չէր, բայց Փաշինյանը՝ առավել ևս։
Նման կերպ իրեն կարող է դրսևորել միայն այն ղեկավարը, որը խոստումներ ունի և երաշխիքներ այլ երկրներից, իսկ որ երկրից՝ Մակրո՞նը, Մերկե՞լը, Ջոնսո՞նը, Թրա՞մփը կամ Էրդողա՞նը, Ռուհանի՞ն, ո՞վ կարող է օգնել, բացի ռուսներից։ Հայերը խելացի են և ամեն ինչ տեսնում ու հասկանում են։
Կարելի է ցանկացած երկրի հետ խնդիր ունենալ, բացի ռուսներից, պետք էր օգտագործել ռուսական ռեսուրսը՝ հանուն ՀՀ ազգային շահերի, իսկ նրանք հետ են մղում, ասում են՝ մենք կանենք։ Խնդրեմ՝ արեք ինքներդ։ Եթե տալիս են վարկեր, ստացեք վարկեր, արեք այնպես, ինչպես ցանկանում եք։ Սա՛ է Ռուսաստանի մոտեցումը ներկայումս՝ առավելապես անտարբեր։