Այս պահին բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի․ Վարագ Սիսեռյան
Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում քննարկվեց հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման հարցը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրեց, որ 2015թ․ մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Ճարտարապետների միության հետ, ապա հաստատել են Քաղաքաշինության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։ Հայեցակարգը՝ սկսած 2015 թվականից, բազմիցս հրապարակվել և ներկայացվել է հանրությանը։
«2018թ․ մարտին կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահը՝ արդեն նոր մոդելով։ Տարածքը բաժանվել է 19 նոր լոտերի, ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ։ 2019թ․ գործարարների ցուցաբերած ակտիվության շնորհիվ ներդրողների հետ կնքվեցին եռակողմ պայմանագրեր՝ ներդրողի, կապալառուի և կառավարության միջև։ Ներդրողները ներկայացրել են բանկային երաշխիքներ՝ շինարարության միջոցների առկայության մասին, որպեսզի վստահ լինենք, որ թաղամասի միասնական կառուցապատումը տեղի է ունենալու, և չենք ունենա այն խնդիրները, որոնք եղել են նախկինում։ Այսինքն՝ սնանկություններ և այլն։ Նշենք, որ արդեն ներդրողների կողմից ներդրվել է մոտ 70 մլն դոլար՝ հողերի ձեռքբերման համար և հողերի ձեռքբերման դիմաց մարդիկ ստացել են սեփականության վկայականներ։ 2019թ․ կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ տեղի ունեցած քննարկումներից մեկի ընթացքում փոխվարչապետը շահագրգիռ մարմինների ղեկավարներին հանձնարարել էր սեղմ ժամկետում ներկայացնել այլընտրանքային հայեցակարգեր։ Այս հանդիպումը, եթե չեմ սխալվում՝ տեղի է ունեցել հունիսին, նմանատիպ հանդիպում տեղի է ունեցել 2019թ․ կամ հոկտեմբերին, կամ նոյեմբերին, որտեղ քննարկվել է հատակագիծը, այսինքն՝ նախագիծը փոխելու հարցը։ Հանդիպմանը ներկա էին պարոն Վերմիշյանը, Սարհատ Պետրոսյանը, Արթուր Մեսչյանը և այլք։ Բոլոր շահագրգիռ մարմիններից ներկայացուցիչներ կային»,- ասաց Վ․Սիսեռյանը՝ շարունակելով, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը մեկ հայեցակարգ էր ներկայացրել, որն արժանացել էր տարբեր գերատեսչությունների բացասական արձագանքին, և արդյունքում որոշվել է առաջնորդվել գոյություն ունեցող հայեցակարգով։
«Բաց մրցույթ չի հայտարարվել հետևյալ պատճառներով. առաջին հերթին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ծրագիրն արդեն մեկնարկած է, ներդրողներն ամբողջությամբ գումարները փոխանցել են։ Այս գումարներով հնարավոր է եղել լուծել հարյուրավոր ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը։ Լուծել ենք բնակարանների հարցը, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում։ Ֆիրդուսի թաղամասի 100-ից ավելի ընտանիքներ 2018թ․ սկսած ստացել են նոր, հարդարված բնակարաններ կամ գումարային փոխհատուցում՝ միջինը 1200-1300 դոլար՝ 1քմ-ի դիմաց։ Մինչև 2018թ․ ապրիլն այս գումարը կազմում էր միջինը 600-700 դոլար։ Բացի այդ՝ ծրագրի իրագործմամբ հնարավոր է եղել լուծել Գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարանների տրամադրման հարցը։ Այսինքն՝ 438 ընտանիքի հարց է լուծվել, որը տարիներ շարունակ չի լուծվել»,- քննարկման մասնակիցներին ներկայացրեց Վարագ Սիսեռյանը։
Ինչ վերաբերում է հուշարձան հանդիսացող և չհանդիսացող շենքերին, ապա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարն ասաց. «Տարածքում առկա է 8 հուշարձան շենք, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2004 թվականի ցանկում, և մեր աշխատանքային խմբի կողմից ու փոխվարչապետի հանձնարարությամբ այդ շենքերը ծրագրից դուրս են բերվել և շուտով կառավարության որոշմամբ դուրս կբերվեն նաև գերակա շահերի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից։ Մենք երաշխավորում ենք պահպանել բոլոր հուշարձան շենքերը և ապահովել նրանց վիճակի ու շրջակա միջավայրի բարելավումը։ Ինչ վերաբերում է Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքին, որը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել, եթե սխալվում եմ, խնդրում եմ ճշտել, բայց, այնուամենայնիվ, պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում։ Մեր նախաձեռնությամբ այս պահին բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի, դուրս գա այս ծրագրից։ Այն էլի հուշարձան չէ»։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ քաղաքացիական ակտիվիստները կասեցրին Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում, գտնվող և 19-րդ դարի վերջին կառուցված շենքի քանդման աշխատանքները։ Շինությունն այժմ կիսաքանդ վիճակում է, սակայն ակտիվիստները կարևորում են՝ կանգուն է աղյուսե ֆասադը: Դրանից մեկ օր առաջ էլ փլատակների էր վերածվել մի քանի մետր այն կողմ գտնվող պատմական ևս մի շենք: