Հայոց ցեղասպանության պատմությունը ներառվել է ուկրաինական դասագրքում
Այսուհետ Ուկրաինայի ուսանողները կկարողանան ուսումնասիրել եղեռնագործության և կառավարական մակարդակով ոչնչացման քաղաքականության դեպքերը հատուկ ուսումնական ձեռնարկի միջոցով, հաղորդում է «Երկրամաս» թերթը:
Ուկրաինացի պատմաբան Անդրեյ Կոզիցկու «Ցեղասպանությունը և քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացման քաղաքականությունը 20-րդ դարում» (Պատճառները, առանձնահատկությունները, հետևանքները) ձեռնարկը երկրի կրթության նախարարության կողմից առաջարկվում է որպես ուղեցույց հումանիտար մասնագիտություններով բուհերի ուսանողների համար:
Ըստ «Երկրամասի», որը իր հերթին վկայակոչում է ուկրաինական ԶԼՄ-ներին, դասագրքում պատմվում է Օսմանական Թուրքիայում Հայոց Ցեղասպանության, 1932-1933թ. ուկրաինական Գոլոդոմորի և հրեական Հոլոքոստի մասին:
Գրքում առանձին ուսումնասիրված է քաղաքացիական հասարակության ոչնչացման դեպքերը, որոնք դեռ որպես ցեղասպանություն չեն ճանաչվել: Գիրքը Լվովի «Հրատարակիչների ֆորումի» 18 լավագույն գրքերի ցանկում է ներառվել: