Բաժիններ՝

«Երբ համարժեք չենք աշխատում, անընդհատ ստանալու ենք էլ ավելի կոշտ հայտարարություններ, որոնք բանակցային սեղանի շուրջ հօգուտ Ադրբեջանի են աշխատում». Ադրբեջանագետ

Օրերս Եվրոպական խորհրդարանում կոշտ և ոչ հայանպաստ հայտարարություն էր ընդունվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։

ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ նախագիծը չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը.

«Այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, այն կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքների ապօրինի օկուպացումը: Ուստի մենք խորապես ցավում ենք այս նախաձեռնության կապակցությամբ, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մենք կրկին հայտարարում ենք մեր շարունակական աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց՝ 2009-ին ընդունված Հիմնարար սկզբունքներին»:

Ըստ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի՝ թեև նմանատիպ հայտարարությունները պարտադիր բնույթ չեն կրում և գուցե առաջին հայացքից կարելի է անտեսել, բայց պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր նման հայտարարություն մեսիջ է մյուս պատգամավորների, մյուս կառույցների համար:

«Դա մեսիջ է Մինսկի խմբի համանախագահների և բանակցողների համար, նաև հոգեբանական ճնշման մեխանիզմ է կողմերի վրա: Եվ բացարձակ անտեսել ու ձևացնել, թե գոյություն չունեն նման հայտարարություններ, ուղղակի չի կարելի, որովհետև հայտարարություններից հետո գալու են զեկույցներ, զեկույցներից հետո՝ ռեզոլյուցիաները»,-168.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Էլիբեգովան:

Նրա համոզմամբ, եթե այս հայտարարությունները չեն կանխվում ամենասկզբում, հետագայում ավելի բարդ հետևանքներ կարող են լինել. «Այստեղ առաջնահերթ հարցերն են՝ ինչո՞ւ չի կանխվել, ի՞նչ է արվել, որ կանխվի ու չի ստացվել, կամ գուցե բավականաչափ ջանք չի՞ գործադրվել. Այսինքն՝ չի՞ ստացվել, թե՞ ցանկություն չի եղել դրանով զբաղվելու, կորոնավիրուսի ժամանակ ուղղակի մի գուցե անտեսվե՞լ է:
Սակայն պետք է հասկանանք, որ Ադրբեջանը Բրյուսելում տարիներ շարունակ հետևողականորեն ահռելի գումարներ է ծախսում խավիարային դիվանագիտության վրա, շատ լուրջ աշխատանքներ է տանում՝ տարբեր եվրապատգամավորների իր կողմը գրավելու համար:

Ու այս պարագայում, երբ մենք անգործության ենք մատնվում, համարժեք չենք աշխատում, անընդհատ ստանալու ենք էլ ավելի կոշտ հայտարարություններ, որոնք իրենց հերթին՝ արդեն, այո, բանակցային գործընթացի ժամանակ՝ սեղանի շուրջ, հօգուտ Ադրբեջանի են աշխատում»:

Հիշեցնենք՝ թեմային 168.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մասնավորապես նշելով. «ՀՀԿ-ի թողած հարուստ դիվանագիտական ժառանգությունը Եվրոպական միության հետ հարաբերություններում մեր աչքերի առջև անխնա մսխվում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս