«Սա նյարդային ռեակցիա է տեղի ունեցող տրանսֆորմացիաների տրամադրությունների հետ». Քաղաքագետը՝ վարչապետի հայտարարությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական։ Վարչապետը նման կարծիք հայտնեց երեկ՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը չի պատրաստվում ՀՅԴ-ի առաջարկը կյանքի կոչել` ԱԺ հատուկ նիստ գումարել ու քննարկել կորոնավիրուսի թեման` պատասխանատվության կանչելով բոլոր նրանց, ովքեր ձախողել են այս հարցում, այդ թվում՝ վարչապետին:

Ըստ Ն. Փաշինյանի՝ ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի՝ քաղաքական դաշտի կորոնավիրուսը կբերի բոլոր այդպիսի «բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվանը»։

Փաշինյանը նաև հայտարարել էր, թե այդպիսիք առաջիկայում դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, քանի որ այս օրերին իրենց գործունեությամբ «կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ վարչապետի կողմից «հեղափոխական բառամթերքի» հերթական կիրառումը տեղի ունեցող քաղաքական տրանսֆորմացիաների արձագանքն է:

«Պարզ է, որ իշխանությանը և վարչապետին բավականին մտահոգում է այն քաղաքական իրավիճակը, որն արդեն առկա է Հայաստանում:

Մասնավորապես, առնվազն երկու կարևոր ներքաղաքական փոփոխություններ կան,  որը վարչապետը չի կարող անտեսել. ընդդիմադիր դաշտում նկատվում է կոնսոլիդացիայի միտում, իսկ իշխանական դաշտում՝ էլ ավելի են նկատելի դառնում տարաձայնությունները, ճաքերը և այլն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ դրանով պայմանավորելով նաև կադրային վերջին փոփոխությունները:

Վ. Հակոբյանի համոզմամբ՝ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացման տենդենցները նկատվում են իշխանության թուլացման, իշխանության վարկանիշի նվազման, վարչապետի ազդեցության թուլացման ֆոնին:

Ըստ քաղաքագետի՝ ազդեցության թուլացումը նկատվում է նաև հասարակության հետ աշխատանքի ընթացքում.

«Եթե նախկինում հասարակությանը որևէ մեսիջ էր հղվում, հասարակությունը բավականին լոյալ էր ընդունում, իսկ հիմա տեսնում ենք, թեկուզև համավարակի հետ կապված՝ մեսիջներ, հորդորներ, խնդրանքներ, նույնիսկ սպառնալիքներ են հղվում, բայց հասարակությունը կարծես թե առանձնապես լուրջ չի ընկալում:

Սա նշանակում է, որ վերահսկելիությունը՝ երկրում տեղի ունեցող պրոցեսների, այդ թվում՝ նաև իշխանական համակարգում տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ՝ բավականին թուլացել է, և այս ֆոնին, երբ ընդդիմադիր սեգմենտի տարբեր հատվածներ սկսում են գրեթե նույն օրակարգով հայտարարություններ անել (ընդ որում՝ բավականին արմատական օրակարգով՝ պահանջելով, ըստ էության, կառավարության հրաժարականը, ներառյալ՝ վարչապետի, և առաջարկելով, որպեսզի ստեղծվի հակաճգնաժամային կամ ազգային համաձայնության կառավարություններ), և այդ օրակարգի շուրջ սկսվում են քաղաքական կոնաոլիդացիաներ, դա, բնականաբար, մտահոգում է վարչապետին: Այս ամենի ֆոնին՝ վարչապետն իր հեղափոխական բառամթերքն է օգտագործում։ Կարծում եմ՝ դա սովորական ռեպերտուար է։ Սա ռեակցիա է, ինչ-որ տեղ՝ նյարդային ռեակցիա տեղի ունեցող տրանսֆորմացիաների տրամադրությունների հետ»:

Հարցին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր, իր հասցեին նման ձևակերպումներ, արտահայտություններ հիշո՞ւմ եք, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Եթե նույնիսկ ինչ-որ նման ոճով խոսակցություններ լինում էին խորհրդարանում, ապա, ամեն դեպքում, դա խորհրդարանի մարգինալ մասի կողմից էր լինում. Համենայն դեպս, առաջին դեմքերի մակարդակով առանձնապես այս ոճի խոսակցություն չէր լինում: Բայց կրկնում եմ, այս երկու տարվա ընթացքում շատ ավելի կտրուկ բաներ էլ ենք լսել»:

Քաղաքագետը հավելեց՝ ընդդիմությունը ևս սկսել է այդ ոճով պատասխանել վարչապետին. «Ինչ խաղաոճ դու առաջարկում ես մրցակցիդ, մրցակիցդ ուշ թե շուտ այդ խաղաոճն ընդունում է:

Եթե նայում եք, ընդհանուր առմամբ արդեն նաև ընդդիմադիր դաշտն է մոտավորապես նույն կտրուկ հայտարարություններով հակադարձում»:

Արդյո՞ք արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշման մասին հայտարարության տակ պետք է փնտրել նաև քաղաքական ենթատեքստ, ինչպես պնդում են քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ՝ հաշվի առնելով նաև Ձեր կողմից թվարկած ներքաղաքական իրադարձությունները՝ հարցին ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանն ասաց.

«Ֆորմալ առումով, իհարկե, առիթ ունեն երկարաձգելու, որովհետև եթե չլինի արտակարգ դրության իրավական ռեժիմ, ապա որևէ մեկը մեզ չի կարող պարտադրել, օրինակ՝ գործի գնալ կամ գործի չգնալ, դիմակ դնել  թե չդնել, որովհետև միայն ԱԴ պայմաններում կարելի է սահմանափակել քաղաքացու ինչ-որ իրավունքներ, ազատություններ:

Ֆորմալ առումով այս ամենի հիմքում դրված է ծանր կորոնավիրուսային իրավիճակը, որը հենց իշխանություններն էլ շատ բարեհաջող տապալել են, և որքանով հասկանում եմ՝ շարունակում են նույն ջանասիրությամբ ու համառությամբ տապալել:

Բայց այստեղ արդեն ակնհայտորեն սկսում են զգացվել նաև քաղաքական ենթատեքստերը:

Եթե նախկինում կային ինչ-որ ենթադրություններ, որ քաղաքական ենթատեքստեր կան, որ մարդիկ դուրս չգան փողոց և այլն, ապա հիմա, քանի որ ներքաղաքական իրավիճակը բավականին սրվել է, կարելի է բավականին համոզված ասել, որ, իհարկե, կա նաև քաղաքական բաղադրիչ»:

Տեսանյութեր

Լրահոս