«ՀՀ դիրքորոշումները բազմաթիվ առիթներով հստակորեն արտահայտվել են ՀՀ կառավարության, վարչապետի, ԱԳ նախարարի կողմից». Զոհրաբ Մնացականյան
Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազգային օրակարգի հիմքում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը, ըստ նրա, առանձնակի ընդգծվել է ներկա իրավիճակում, երբ պայքարում ենք համավարակի նոր մարտահրավերների դեմ:
Նախարարը հավելեց՝ 2019 թ. հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է.
«Եվ երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ, ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:
Այդ սկզբունքներն առաջին անգամ հստակորեն ամրագրվեցին օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ»:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը.
«Բովանդակային առումով Հայաստանի դիրքորոշումները բազմաթիվ առիթներով հստակորեն արտահայտվել են Հայաստանի կառավարության, վարչապետի, արտաքին գործերի նախարարի կողմից:
Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, որի շրջանակներում իրականացվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչների փոխանակման ծրագիրը:
Որպես մարդասիրական քայլ՝ հունիսին 28-ին Հայաստանի իշխանությունների կողմից առանց որևէ նախապայմանի՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին հանձնվեց 2019թ. մարտի 16-ին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Իբրահիմովը, նույն օրը Հայաստանի իշխանություններին և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017 թվականի հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը»:
ԱԳ նախարարի հավաստմամբ՝ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը եղել և մնում է Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և տարբեր հանդիպումներում այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է:
Ըստ նրա՝ էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթը ևս մնացել է կարևորագույն գործառույթներից մեկը դիվանագիտական ասպարեզում:
Արտգործնախարարը վերահաստատեց՝ Հայաստանը հստակորեն սահմանել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները: