«Երբևէ չենք բացառել, որ ՍԴ հարցի շրջանակներում դիմելու ենք Վենետիկի հանձնաժողով». Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, որ կատարել է բոլոր գործողությունները,  որպեսզի հնարավոր դառնա վեթինգի գործընթացը: Ըստ Բադասյանի՝ 2019 թվականի հունիսին պաշտոնը ստանձնելուց հետո բավարար քայլեր են իրականացրել՝  փոփոխություններ են կատարել Դատական օրենսգրքում, զուգահեռ սկսել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր են մշակում ԲԴԽ-ի հետ, որպեսզի վեթինգի գործընթացը հնարավոր լինի:

«Իսկ եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր  առանց պատկերացում ունենալու՝ կարող են նման քննադատություն հնչեցնել, որ հնարավոր էր ամեն ինչ անել մինչ այժմ, պետք է ցույց տան էդ ճանապարհները: Ես բազմիցս նշել եմ էն բոլոր կետերը, որ հնարավորություն չեն տալիս, օրինակ, Ալբանական մոդելը Հայաստանում կիրառել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացներին՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի պատասխանները ստանալուց հետո ԱԺ-ում փորձելու են «ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհ գտնել», որը վերաբերելու է Սահմանադրության 213-րդ անցումային հոդվածի փոփոխությանը: Հարցին, թե նախկինում իշխանությունը նշում էր, որ Վենետիկի հանձնաժողով դիմելու անհրաժեշտություն չկա, հիմա ինչո՞ւ է առաջացել այդ անհրաժեշտությունը, նախարարը պատասխանեց.

«Ես բազմիցս, ճիշտն ասած, մեկնաբանել եմ էդ հարցը, ուղղակի սպառված ա մեկնաբանությունները, այլ մեկնաբանություն չունեմ: Մշտապես ասել ենք, որ մենք մշտական կապի մեջ ենք ԵԽ մեր գործընկերների հետ, նշել ենք, որ հանրաքվեի պրոցեսում իրականացված գործողությունների կոնտեքստում էդ պահին չենք դիմել, երբևէ չենք բացառել, որ, այնուամենայնիվ, էդ հարցի շրջանակներում դիմելու ենք, այդքանը»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահ է, որ ԱԺ-ով հնարավոր է գտնել Սահմանադրական դատարանին վերաբերող խնդրի լուծումը:

Հարցին, թե ինչպե՞ս է արդարադատության նախարարը վերաբերվում  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մինչև ՀՀ-ում արտակարգ դրության ավարտն «Իզմիրլյան» ԲԿ-ում մնալու մասին Վարչական դատարանի հայցի ապահովման մասին որոշմանը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ անձամբ չի ծանոթացել Վարչական դատարանի որոշմանը, գիտի, որ այդ որոշմամբ  հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն է ներկայացվել ՔԿԾ-ի կողմից:

«Էն բովանդակությունը, որը ինձ ա փոխանցվել, ես, ճիշտն ասած, էսպես ասեմ, զարմացել էի, բայց եկեք սպասենք դատական պրոցեսների ավարտին: Կլինի դատական ակտ, միգուցե էդ ընթացքում նոր կանդրադառնանք: Մի քիչ տարօրինակ է այն առումով, որ ՔԿԾ-ն պարտավոր է կալանք խափանման ռեժիմը պատշաճ կարգով պահպանի, ընդ որում, եթե քաղաքացիական հիվանդանոցը դուրս գրի հիվանդ դատապարտյալին, ակնհայտ է, որ ՔԿԾ-ն,  եթե չկատարի, այսինքն՝ կալանքի ռեժիմից բխող գործողությունները, չտեղափոխի անձին ՔԿՀ՝ ապահովելու կալանքի ռեժիմը, ընդ որում կալանքի ռեժիմից՝ ՔԿՀ-ից դեպի քաղաքացիական հիվանդանոց կրկին ուղեգրման կարգով ա արվում, այսինքն՝ էդ ամբողջ պրոցեսը կալանք խափանման միջոցի ռեժիմի շրջանակներում ա իրականացվում: Եթե չկատարի, պաշտոնական դիրքի չարաշահման պես մի բան է, պաշտոնական լիազորությունները չկատարելու պես մի բան է: Հետևաբար՝ էդ դատական ակտը մենք փորձում ենք դեռ երևի ընկալել ու հասկանալ արդեն»,- ասաց Ռուստամ Բադասյանը։ Իսկ լրագրողի հարցին, թե ուսումնասիրելո՞ւ եք, որպեսզի հետո քայլեր ձեռնարկեք, Արդարադատության նախարարն արձագանքեց.

«Մենք արդեն, վերացնելու մասին միջնորդությունը մուտք է արվել քրեակատարողական ծառայություն»։

Տեսանյութեր

Լրահոս