«Մեկ տարում մոտ 15 միլիոն դրամ՝ քաղաքացիներից ստացած հարկերի հաշվին գեներացված աշխատավարձը». Աննա Կոստանյանը՝ Վահե Գրիգորյանի ստացած աշխատավարձի մասին

«Հունիսի 7-ին լրացավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պաշտոնի ստանձնման մեկ տարին, և այս ընթացքում, որքանով տեղյակ եմ, պարոն Գրիգորյանը ՍԴ դատավորի լիազորությունների շրջանակում որևէ գործառույթ չի իրականացրել, բայց շատ պարտաճանաչ կերպով ստացել է իր ամենամսյա աշխատավարձը, բացի այդ՝ հավելավճար կամ պարգևավճար, ինչպես նաև՝ օգտվել ծառայողական աշխատասենյակից, մեքենայից, մեքենայի համար համապատասխանաբար ստացել է վառելանյութ:

Նա ստացել է ամսական 793 հազար 680 դրամ աշխատավարձ, որին գումարվում է պարգևավճար՝ 100-150 հազար դրամի չափով, նա նաև, իմ տեղեկություններով, ստացել է մոտ 1180 լիտր վառելանյութ և այսքանով հանդերձ՝ մեկ  տարում մոտ 15 միլիոն դրամ՝ քաղաքացիներից ստացած հարկերի հաշվին գեներացված աշխատավարձը:

Ունեմ նաև տեղեկություններ, որ պարոն Գրիգորյանին մակագրված են եղել գործեր, որոնք, սակայն, նա չի կատարել:

Ուզում եմ կամ հաստատեք, կամ կհերքեք՝ արդյոք այս գումարը ստացե՞լ է պարոն Գրիգորյանը, և արդյոք ճի՞շտ է, որ նրան մակագրված եղել են գործեր, և նա չի իրականացրել»,- ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պետբյուջեի 2019թ. կատարողականի ներկայացման ժամանակ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Էդգար Ղազարյանն ի պատասխան՝ նշեց, որ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ կպատասխանի պատգամավորի գրավոր հարցմանը՝ թվերի մեջ չսխալվելու համար, ապա տեղեկացրեց.

«Այո, դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցել ՍԴ ոչ մի նիստի, ոչ մի աշխատակարգային նիստի, ընդգրկված չի եղել դատական կազմում, նյութեր և հաղորդումներ չի ներկայացրել ՍԴ-ին՝ իրեն մակագրված գործերի նախնական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, և նաև չի նախապատրաստել որոշման նախագծեր և այլ անհրաժեշտ նյութեր՝ այն գործերով, որոնցով նշանակված է եղել՝ որպես զեկուցող կամ համազեկուցող դատավոր»:

ՍԴ աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ աշխատավարձերն իրավունքի ուժով վճարվել են, և դա արել են մեծ բարեխղճությամբ:

Հավելավճարների առնչությամբ էլ տեղեկացրեց, որ մի քանի դեպք է եղել, որ ընդհանուր մոտեցման կիրառման դեպքում նաև Վահե Գրիգորյանին է վճարվել պարգևավճար. «Բայց հետագայում, հաշվի առնելով ներկայայացված իրողությունը և խնդրի  հանրային հնչեղությունը՝ ՍԴ նախագահի կարգադրությամբ նրան լրացուցիչ պարգևավճարներ չեն հատկացվել»:

Նա հաստատեց նաև, որ դատավոր Վ. Գրիգորյանին ամրակցված է անհրաժեշտ գույքով, տեխնիկական կապի միջոցներով հագեցած աշխատասենյակ, ծառայողական մեքենա, որի շահագործման համար ամեն ամիս հատկացվում է վառելանյութ:

Տեսանյութեր

Լրահոս