Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել անկախության հանրաքվեի անցկացմանը
Կատալոնիայի ինքնավար ընկերակցության խորհրդարանը հավանություն է տվել նոյեմբերի 25-ին տարածաշրջանում արտահերթ ընտրությունների ընթացքում անկախության մասին հանրաքվեի անցկացմանը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ներին, անկախության հանրաքվե անցկացնելու օգտին քվեարկել են Կատալոնիայի իշխող «Կոնվերգենցիա և Միություն» կոալիցիայի 84 պագամավորներ, Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության և «Քաղաքացիներ» խմբավորման 47 պատգամավորներ: Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցութան պատգամավորները ձեռնպահ են մնացել:
Նոյեմբերի 25-ին Կատալոնիայում արտահերթ ընտրությունների անցկացման մասին երեքշաբթի Կատալոնիայի խորհրդարանի նիստում հայտարարել էր կառավարության ղեկավար Արթուր Մասը: Նա իր որոշումը բացատրել էր նրանով, որ անցյալ շաբաթ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հանդիպմանը վերջինս մերժել է Կատալոնիային հնարավորություն ընձեռել՝ ինքուրույն որոշելու պետական գանձարան հարկերի գանձման մակարդակը:
Հինգշաբթի Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարեց, որ կենտրոնական կառավարությունը պատրաստ է գործադրել բոլոր հնարավոր քաղաքական մեխանիզմները, որպեսզի թույլ չտա Կատալոնիայի առանձնացումը: Նա հիշեցրել է, որ Իսպանիայի տարածքային ամբողջականությունը հանրաքվեի կարող է դրվել միայն այն դեպքում, եթե դրան համաձայնություն տա կենտրոնական կառավարությունը:
Կատալոնիան ցանկանում է ստանալ եվրոպական ազգի կարգավիճակ նույն լիազորություններով, ինչպիսիք որ ունեն Դանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան և Լատվիան: