Հովիկ Աբրահամյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Խնդրում եմ, չկասկածեք»

ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր գրավոր պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի` 15 կետից բաղկացած գրավոր նամակին, որը վերջինս սեպտեմբերի 24-ին ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հ. Աբրահամյանի պատասխան նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից:

Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական ուժի կառուցողական և անաչառ մոտեցումը և կարևորում դրանց բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված յուրաքանչյուր հիմնավորված առաջարկության շահագրգիռ քննարկումը:

Միաժամանակ մենք անհրաժեշտ համարեցինք արձանագրել, որ բարեփոխումներ ակնկալող նախաձեռնությունները պետք է ունենան պոզիտիվ միտում և բացառեն առանձին երևույթների սուբյեկտիվ ընկալումները որպես օբյեկտիվ իրականություն ներկայացնելու կամ այդպիսի պատրանք ստեղծելու հավանականությունը, քանզի արդարացի չէ սուբյեկտիվ գնահատականները դնել քաղաքական և իրավական գործընթացների օրինաչափությունների բացահայտման հիմքում:

Նախորդ նամակից անցել է շուրջ մեկ տարի: Նամակի բովանդակությունն ըստ էության չի փոխվել, սակայն փոխվել է իրականությունը: Այն ժամանակ մենք պնդում էինք, որ հստակ օրենսդրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական քայլերով գնալու ենք դեպի մեր նպատակը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման կայուն պրակտիկան:

Դրանից հետո մենք արդեն նոր ընտրական օրենսգրքի սահմանած խաղի կանոններով անցկացրեցինք խորհրդարանական ընտրությունները, որոնք ոգևորիչ գնահատականների արժանացան: Այնուհետև, այդ ընտրություններում արձանագրված խնդիրների շտկումից հետո Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կրկին լուրջ առաջընթաց ապահովեցին: Շատ լուրջ:

Այս մեկ տարին ցույց տվեց, որ մենք էականորեն մեծ քայլերով ենք գնում դեպի մեր նպատակը: Այսինքն, իրականությունը հենց այն է, ինչի մասին մենք խոսում էինք մեկ տարի առաջ: Ավելին, մենք ունենք կամք և հստակ նպատակադրում գալիք նախագահական ընտրություններում բյուրեղացնելու մեր բոլոր նվաճումները ընտրությունների կազմակերպման հարցում և ավելի առաջ գնալու: Սրանում, խնդրում եմ, չկասկածեք:

Միևնույն ժամանակ մենք կրկնում ենք մեր հորդորը, որ արդեն հնչեցրել ենք. հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձականացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ և չպետք է դառնան այլոց իրավունքները, ազատություններն ու կամարտահայտությունը սահմանափակելու կամ ոտնահարելու պատրվակ: Եվ չարժե անուշադրության մատնել փաստը, որ միջազգային չափանիշներին հարիր ընտրությունների կազմակերպման համար միայն իշխանությունը չէ, որ անելիք ունի:

Ցանկացած պետություն պետք է ձգտի անթերի ընտրությունների, սակայն դրանց անցկացումից առաջ կանխատեսվող ենթադրյալ շեղումները չպետք է նսեմացնեն այդպիսի ձգտման արժեքը: Այլ խնդիր է, որ ընտրական գործընթացներում բացահայտված կամ արձանագրված ցանկացած խախտում պետք է համարժեք գնահատական ստանա, և դա է լինելու քաղաքական այդ հանձնառության կատարման չափանիշներից մեկը:

Հարգանքով`  ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյան»

 

 

Տեսանյութեր

Լրահոս