Ինչ արժեն պաշտոնյաների վոյաժները
Այսօր ԱԺ-ում ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց ԱԳՆ 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: Վերջինս ասաց, որ ինքը թվերին մանրամասն չի անդրադառնա: «Մեզ մոտ ծախսերի զգալի մասը գնում է, որպեսզի սպասարկենք միջազգային կազմակերպությունների առջև մեր պարտավորությունները՝ կապված անդամավճարների հետ, կա հատված, որը կապված է ռազմական կցորդների, առևտրական ներկայացուցիչների հետ, ունենք ծախսեր, որոնք կապված են տպագրության հետ` դա հիմնականում վիզաների բլանկերն են, որոնք հիմնականում տրամադրվում է Ներքին գործերի նախարարությանը:
Եթե մենք փորձենք առանձնացնել մաքուր հատվածը, որը գնում է կենտրոնական ապարատի և դեսպանությունների սպասարկման համար, բոլոր ծրագրերը ներառելով` կստանանք մոտ 7 մլրդ դրամ: Վերադարձը տուրքերի գծով հիմնականում հյուպատոսության ծառայությունների միջոցով 2 մլրդ-ից մի քիչ ավելի է»,- ասաց Շ. Քոչարյանը: Նրա գնահատմամբ` 2011թ. ԱԳՆ-ի համար շատ ինտեսիվ տարի էր` և՛ փոխայցելությունների, և՛ պայմանագրերի ստորագրման տեսանկյունից:
Շ. Քոչարյանի խոսքով` միայն ՀՀ նախագահը 2011թ. իրականացրել է 25 օտարերկրյա այց, ՀՀ են այցելել 7 պետությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետն ունեցել է 12 փոխայցելություն, ՀՀ ԱԳՆ նախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, իսկ ԱԺ նախագահն ունեցել է 8 փոխայցելություն:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, թե կա՞ն միջազգային կազմակերպություններ, որոնց մեր երկիրը պարտք է, Շ. Քոչարյանը պատասխանեց, որ այդ հարցին, ավելի նպատակահարմար է, որ պատասխանի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը:
«Ինչ վերաբերում է անդամակցության գծով պարտքերին, ապա անդամակցության գծով պարտքեր կան, դրանք նախորդ տարիներից, այսինքն` անկախ Հայաստանի առաջին իսկ տարիներից սկսած՝ անդամակցության հետ կապված վճարումները չկատարելով պայմանավորված պարտքեր են, որոնք դինամիկայի մեջ նվազում են, այսինքն` այսօր դրանց չափը գնահատվում է մոտ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, նախանցյալ տարի եղել է մոտ 10 դոլարին համարժեք գումար, բյուջեում նախատեսվել է այնքան, որքան նախատեսվել է, դրա համար վճարումներ կատարում են դրանց չափով, և, որքան ես եմ հասկանում, ես մի քիչ հիմա իմ լիազորություններից դուրս եմ գալիս, և ԱԳՆ-ն պարզապես փորձում է պահել ինչ-մի վիճակ` ձայնի իրավունք չկորցնել տարբեր կազմակերպություններում»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:
Այս դիտարկմանն ի պատասխան` Շ. Քոչարյանն ասաց. «Որ մենք պա՞րտք ենք, ընթացքում այն պարտքերը, որ մենք ունենք, մարվում են, իջնում են, բայց, այնուամենայնիվ, որևէ միջազգային կազմակերպությունում պարտքի առկայության պատճառով չենք զրկվել ձայնի իրավունքից, և այլն: Այդ ուղղությամբ մենք առանձնահատուկ ուշադիր ենք, որ առաջին հերթին մարենք նախկինում կուտակված այն պարտքերը, որոնք կարող են անդրադառնալ մեր ձայնի իրավունքին»: