Հունգարիան Հայաստանին առաջարկել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների

Հունգարիայի ԱԳՆ-ն Հայաստանին առաջարկում է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների:

Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը  սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:

Նաեւ նշվում է, որ դիվանագիտական նոտան պաշտոնական պատասխանն է 2012 թվականի օգոստոսի 31-ի հաղորդագրությանը, որով Հայաստանը Հունգարիային տեղեկացրել էր դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս