ԲՀԿ-ի գլխով հարվածը ՀՀԿ-ի «ժողովրդավարությանը»
«Ընտրություն է եղել, թեկնածուներից մեկը հաղթել է. մեկն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուսը: Ի՞նչ մեկնաբանության կարիք կա»,- այսպես երեկ արձագանքեց Վայոց Ձորի մարզպետ, ՀՀԿ անդամ Էդգար Ղազարյանը 168.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Սիրեկան Բաբայանի պարտությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանին:
Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ընտրությունների ընթացքում որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Այս հարցին ՀՀԿ-ական մարզպետը պատասխանեց` ինչպես վայել է ցանկացած հանրապետականի. «Ոչ մի արտառոց բան չկա, նորմալ ընտրություններ են եղել: Մենք կազմակերպել ենք ընտրությունները` բոլոր ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան. և՛ նախընտրական շրջանն է նորմալ ընթացել, և՛ ընտրական պրոցեսը: Եվ քվեարկության արդյունքներն էլ դրանք են»:
Պարոն Ղազարյանին հիշեցրինք, թե հատկապես ինչով են ուշագրավ Եղեգնաձորի ընտրությունները և ՀՀԿ-ական թեկնածուի պարտությունը, քանի որ ընտրություններից առաջ որոշ տեղեկություններ կային, թե Սիրեկան Բաբայանը` ԲՀԿ-ի կողմից գործադրվող ճնշումների պատճառով, մինչև ընտրությունները կարող է ինքնաբացարկ հայտարարել: Դրան ի պատասխան էլ՝ մարզպետը նշեց, թե նման բան չի լսել: Է. Ղազարյանի այս մեկնաբանություններն ուշագրավ էին նրանով, որ ընդամենը մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ նշված մարզում ընտրություններն այնքան էլ հարթ և «ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան» չեն անցել, ինչպես նկարագրում էր մարզպետը: Մասնավորապես, սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել հենց Եղեգնաձորում:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնից, Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ անդամ Սերգեյ Բագրատյանը և նրա որդին` Շանթ Բագրատյանը, սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են նույն մարզի Արտաբույնք համայնքի ընտրատեղամաս և փորձել են անօրինական գործողություններ իրականացնել` քվերաթերթիկներ հափշտակել: Երբ տեղամասում հսկող ոստիկան Արմեն Բակունցը փորձել է կանխել այդ գործողությունները, Սերգեյ Բագրատյանը չի ենթարկվել, հայհոյել է և գլխով հարվածել Բակունցի դեմքին: Հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Ավելի ուշ Բագրատյանը և Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու, ԵԿՄ մարզային կառույցի անդամ Արմեն Սեդրակյանը, ով նրա հետ ներխուժել էր տեղամաս, բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին:
Հիշեցնենք, որ Սիրեկան Բաբայանի` ԲՀԿ-ի կողմից գործադրվող ճնշման պատճառով ինքնաբացարկ հայտարարելու հնարավոր ցանկության մասին գրել էր aravot.am-ը:
Հիշեցնենք նաև, որ Եղեգնաձորում ԲՀԿ-ական թեկնածուի նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրել էր մի շարք արտահայտություններ . «Ձեր մարզպետն այս 4 ամսվա ընթացքում ոնց եղել ա ջերմուկ վաճառող, ջերմուկ վաճառողի մակարդակից չի էլ փոխվել: Ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է` «ծիրանի ցոգոլ»: Թե ե՞րբ պիտի հասնի` ես չգիտեմ»:
Բավական լայն արձագանք ստացած այս հայտարարությունը Ծառուկյանն արել էր՝ ի պատասխան Էդգար Ղազարյանի` Ծառուկյանի վերաբերյալ արած արտահայտություններին. «25 միլիոն փող ա տվել, Դուբայում առել ա չգիտեմ ինչ, եսիմ քանի միլիոն փող ա տվել, Ռիգայում առել ա «Ռիգա» հյուրանոցը, 25 միլիոն փող ա տվել, Խորվաթիայում կղզի ա առել: Թող հինգ միլիոն փող բերեր տար՝ Եղեգնաձորի պահածոների գործարանն աշխատեր…»:
Ըստ «Առավոտի»՝ ԲՀԿ-ՀՀԿ «փոխհրաձգությունից» հետո զարգացումներն այն աստիճանի են հասել, որ «Սիրեկան Բաբայանը մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե այլևս չի կարող դիմանալ այդ լարվածությանն ու մրցակցությանը և ցանկանում է ինքնաբացարկի դիմում գրել: Սակայն, նրան սատարող բարձրաստիճան ՀՀԿ-ականների թիմը` նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը, գործող մարզպետը և այլք, Բաբայանին պատվիրել են մտքով անգամ նման բան չանցկացնել»: