Արժույթի միջազգային հիմնադրամը մտադիր է նվազեցնել համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը
Վաշինգտոնում կայացել է համաժողով ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի մասնակցությամբ, որտեղ ԱՄՀ ղեկավարը խոսել է համաշխարհային տնտեսության մեջ առկա հիմնական խնդիրների մասին և խոստացել է նվազեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։ «Մենք շարունակում ենք կանխատեսել դանդաղընթաց վերականգնումը, սակայն համաշխարհային տնտեսական աճը, հավանաբար, կլինի ավելի թույլ, քան մենք կանխատեսում էինք հուլիսին»,- նշել է Ք.Լագարդը:
Ամենամեծ գործոնը, որ ազդում է համաշխարհային տնտեսության վրա, ըստ Լագարդի՝ ներդրողների անվստահությունն է. նրանք չեն հավատում քաղաքական գործիչների՝ տնտեսությունը ճիշտ հունի բերելու խոստումներին:
Քրիստին Լագարդն ընդգծել է, որ հիմա ներդրողները ԵՄ առաջնորդներից սպասում են իրական և կոորդինացված գործողություններ:
ԱՄՀ ղեկավարը նաև նշել է, որ եվրոգոտու պարտքային ճգնաժամի լուծման անորոշությունն առաջնային խնդիրներից է, որը խոչընդոտում է աճի վերականգնմանը: Չի անտեսվել նաև ԱՄՆ-ի «ֆիսկալային անդունդը»:
Հարկերի ավտոմատ բարձրացումը և պետական ծախսերի կրճատումը 2013թ. համաշխարհային տնտեսության համար ստեղծում են լուրջ ռիսկեր: ԱՄՀ-ի ղեկավարը խոսել է նաև աղքատ երկրներում սննդամթերքի գնաճի և այն ցուցանիշների մասին, որոնք վկայում են, որ զարգացող երկրներում աճը դանդաղ է ընթանում։
Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՀ-ն նվազեցրել էր համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը 2013 թվականի համար՝ մինչև 3,9%, իսկ 2012թ. կանխատեսումը մնացել էր անփոփոխ՝ 3,5%:
ԱՄՀ հաջորդ համաժողովը կկայանա Տոկիոյում հոկտեմբերի 12-14-ը։