Քաղաքական ենթատեքստ չկա՞

«Բարգավաճ Հայաստանի» քվոտայով նախկին կոալիցիոն կառավարությունում Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը Հանրային գրադարանի այդքան աղմուկ հանած շինարարության որակը բավարար է համարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վարդան Վարդանյանը:

«Բավարար եմ գնահատում, և բոլոր դեպքերում, էդ շինարարությունը դեռ ավարտված չի, ոչ մեկին էլ հանձնած չէ, թող լավ ուսումնասիրեն, հետո նոր պարզ կլինի»,- ասել է նա:

Կայքը հիշեցնում է, որ «ատկատների թեմայով» կառավարությունում հրավիրված հայտնի խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խիստ հանձնարարականներից հետո նախորդ շաբաթ կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Օրինաց երկրի» քվոտայով Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին հանձնարարել է զեկուցել 2008-2011թթ. Հանրային գրադարանի 700 միլիոն դրամ արժողությամբ հիմնանորոգման աշխատանքների մասին, և լսելով գնահատականներ կոպիտ թերությունների, նախագծային աշխատանքների փոփոխությունների ու անավարտ աշխատանքների մասին, հայտարարեց, որ Հանրային գրադարանում խայտառակություն ու լկտիություն է տիրել: Հանձնարարվել է  նաև, որ իրավապահներն ուսումնասիրեն այս փաստերը:

Դրանից հետո արդեն մամուլում ենթադրություններ եղան, թե «սև մութ ամպեր են կուտակվում» Քաղաքաշինության նախկին նախարարի գլխին, ում օրոք էլ արվել է շինարարությունը:

Պատասխանելով շրջանառվող լուրերին, թե աղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի վիճակը համեմատաբար ավելի լուրջ է, Վ. Վարդանյանն ասել է, թե դրանք հերյուրանքներ են: Նա նաև խոստացել է, թե առաջիկայում այդ մասին հանդես կգա սեփական մեկնաբանությամբ:

Ի պատասան հարցի, թե այս ամենում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, Վարդան Վարդանյանն ասել է. «Քաղաքական ենթատեքստ…չեմ կարող ասել: Չէ, ուղղակի ստեղ գործի նյութերին լավ չտիրապետելու արդյունք է»:

Իսկ ճշգրտող հարցին էլ, թե գործի նյութերին լավ չի տիրապետում իր հաջո՞րդը՝ Սամվել Թադևոսյա՞նը, ով զեկուցում էր վարչապետին, ԲՀԿ-ական նախկին նախարարը պատասխանել է. «Չեմ ուզում ասել, առաժմ միայն կարող եմ ասել, որ լրիվ ուսումնասիրված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս