Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կարևոր է բոլորիս համար. Լատվիայի խորհրդարանի պատգամավորի ուղերձը
Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։ Այս մասին Հայոց ցեղասպանության105-րդ տարելիցի առթիվ իր ուղերձում նշել է Լատվիայի խորհրդարանում Հայաստանի ԱԺ-ի հետ հարաբերությունների խթանման խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Մարիա Գոլուբևան: Պատգամավորը տեսաուղերձը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Այս շաբաթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում հայ ժողովրդի նահատակների հիշատակին, ովքեր զոհը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում իրականացված վայրագությունների։ Ցեղասպանության ոգեկոչումը կարևոր է ոչ միայն հայերի, այլ նաև մեզ բոլորիս համար, ովքեր ցանկանում են տեսնել աշխարհն առանց 20-րդ դարի դաժանությունների կրկնության։ Երբ մենք վառ ենք պահում անցյալի ողբերգական էջերի հիշողությունները, մենք դա անում ենք նաև որպես դաս մեզ, մեր ազգերի և ամբողջ աշխարհի համար, որպեսզի խուսափենք ատելության, անհանդուրժողականության և անարդարության խոսքի ցանկացած դրսևորումից»,-նշել է նա: