ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ավստրիայի իր գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ էր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

 

Ողջունելով տիկին Պրամմերին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը:

 

Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ձեւաչափերով. «Հայ – ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում»,- նշել է ԱԺ նախագահը:

 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է և անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձևաչափով:

 

Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանն ու այս համատեքստում անհրաժեշտ է համարել ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջև:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Տիկին Պրամմերը շեշտել է, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

 

Տեսանյութեր

Լրահոս