«Ներկայումս տիրող վիճակը փաստում է այնպիսի դատավորների գոյության մասին, որոնք պարում  են գործող իշխանությունների դուդուկի տակ և միայն նրանց հաճո պարային շարժումներով». Ռոբերտ Հայրապետյան

Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջով հեռարձակ լայվի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրավական խնդիրների, կրկին խոսեց անցյալի մասին ու ըստ էության երկրում առկա խնդիրների պատճառը կրկին չտեսավ իր կառավարության ու իր իշխանության մեջ առհասարակ:

168.am-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ տպավորություն ստացավ վարչապետի լայվից, և ո՞ւմ էր մեծ հաշվով ուղղված նրա խոսքը, ո՞րն էր ասելիքի մեխը, պատասխանեց, որ ինքը կարծում է, որ սա հերթական հախուռն ու անհասցե հայտարարություններ պարունակող ուղիղ եթերն էր։

«Ենթադրում եմ` երեկվա այդ ուղիղ եթերին կհաջորդեն այնպիսի գործողություններ, որոնց նպատակը բացառապես նեղ քաղաքական շահերի սպասարկումն ու նեղ անձնական նպատակների իրականացումն է լինելու։ Հայտնի ուղերձի` այսպես ասած, անցանկալի կադրերի արտահոսքը պատրվակ է` իրականացնելու այնպիսի քայլեր, որոնց իրականացման համար նախկինում չկար որևէ հիմք, և դա՝ այն դեպքում, երբ այդ նույն միջադեպի պատասխանատուների շրջանակն ամբողջովին հստակեցված չէ,  ավելին՝ անտեսվում է նույն վարչապետի լրատվական ծառայության ոչ պրոֆեսիոնալիզմը»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Վերջինիս խոսքով` պետք չէ մոռանալ նաև, որ արդեն ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և  չի բացառվում, որ երեկվա բազմաթիվ անհասցե հայտարարությունները հող են նախապատրաստում այդ օրենքից բխող ամենատարբեր գործողություններ իրականացնելու համար։

«Ուղիղ եթերի մի զգալի չափաբաժին միտված էր նաև ԶԼՄ-ներին և լրագրողական համայնքին առհասարակ անհիմն պիտակավորելուն, ինչը ոչ միայն կանխակալ մոտեցում է ստեղծում այս կամ այն ԶԼՄ-ի նկատմամբ, այլև կոպիտ կերպով վտանգում է խոսքի ազատության իրավունքի իրացման հիմքերը»,- նկատեց իրավաբանը:

Դիտարկմանը, թե վարչապետը կիրառեց «կորոնավիրուսային Սահմանադրական դատարան» եզրույթը, ի՞նչ է սա նշանակում, որ իշխանություններն ըստ էության չե՞ն հրաժարվել հանրաքվեի մտքից, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ բարձրագույն իշխանության կրողի կողմից բազմաթիվ անգամներ ՍԴ-ի մասին հնչել են, մեղմ ասած, անմակարդակ հայտարարություններ և մտքեր, տրվել են պիտակավորումներ, մեղսագրվել են արարքներ, որոնք, բնականաբար, որևէ հիմնավորում չունեն։ Նշեց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել նման արտահայտությունները, որոնք առաջին հերթին՝ պատիվ չեն բերում հենց մեր երկրին։

«Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա կարծում եմ, որ իշխանությունը լավ գիտակցում է, որ ցանկացած հաջորդ օրն իրենց ապօրինի ծրագրի իրագործմանն ի վնաս է աշխատում, և գնալով էլ ավելի դժվար է դառնալու համոզել ժողովրդին, որ ինքը պետք է գնա հանրաքվեի, որպեսզի ՍԴ գործող կազմի փոխարեն՝ այնտեղ աշխատանքի չգնան, բայց պարգևատրվեն իշխանության սրտի ևս յոթ հոգի վահեգրիգորյաններ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը` հավելելով, որ միայն վարչապետի հայտարարությունից չի կարող եզրակացնել՝ հրաժարվե՞լ են արդյոք հանրաքվեի մտքից, թե՞ ոչ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ չի տիրապետում իրական ինֆորմացիային և ամեն հաջորդ վայրկյանին կոպտորեն հերքում է նախորդիվ ասած միտքը։

Հարցին, թե ո՞ւմ էր անվանում «Սերժի մնացորդ», և իշխանափոխությունից երկու տարի անց դրա մասին խոսելու նպատակը ո՞րն էր, իրավաբանն ասաց` ում էր անվանում «Սերժի մնացորդ»՝ չի կարող ասել, բայց պարզից էլ պարզ է,  որ այս երկու տարիների ընթացքում իշխանությունը գոյատևել է նախկիններին սևացնելու իր գործելաոճի շնորհիվ։

«Երկու տարի անց էլ, երեք տարի անց էլ նա կխոսի Սերժ Սարգսյանի ու նախկինների մասին, քանի դեռ չունի նոր հակահերոս, որին զրպարտելու և պիտակավորելու հաշվին կարող է հավաքել իր լայքերն ու ժողովրդից կորզել այն էմոցիաները, որոնցով լիցքավորվում է գործող իշխանությունը»,- նկատեց Ռոբերտ Հայրապետյանը։

Պատասխանելով այն դիտարկմանը, որ վարչապետը կրկին վնգստացող դատավորների թեզն առաջ քաշեց, կա՞ն այդպիսիք, և եթե կան, ո՞ւմ են սպասարկում նրանք, Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ ինքը մշտապես դատապարտել է այդ արտահայտությունն ու դատական համակարգի նկատմամբ նման փնթի վերաբերմունքը։

«Ներկայումս տիրող վիճակը փաստում է այնպիսի դատավորների գոյության մասին, որոնք պարում  են գործող իշխանությունների դուդուկի տակ և միայն նրանց հաճո պարային շարժումներով։ Փառք ու պատիվ այն դատավորներին, ովքեր հավատարիմ են մնում իրենց բարձր կոչմանը և առաջնորդվում են բացառապես արդարադատության շահերով, իսկ դրա հակառակ կողմում գտնվող դատավորները, կարծում եմ՝ կարժանանան այն նույն անփառունակ ճակատագրին, որը սպասվում է պոպուլիստների գործող իշխանությանը»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս