Դատարանում տեղյակ չեն՝ դատավոր Աննա Դանիբեկյանը այսօրվանից անցնելո՞ւ է աշխատանքի, թե՞ ոչ

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որի վարույթում է գտնվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, ԲԴԽ նախապես տարածած հայտարարության համաձայն, տրամադրվել էր ժամանակավոր անաշխատունակության թերթիկ՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչև սույն թվականի ապրիլի 16-ը ներառյալ:

«Եվ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»,- ասված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։

168.am-ը փորձեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից ճշտել՝ արդյոք դատավորն արդեն անցել՞ է աշխատանքի, թե՞ բուժող բժիշկը երկարաձգել է դատավոր Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը:

Մեզ փոխանցեցին, թե տեղեկությունը կարող ենք ստանալ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից:

«Ճիշտն ասած՝ չգիտեմ, կապ չունեմ բուժող բժշկի հետ, որ ճշտեմ: Տեղում չի հիմա Դանիբեկյանը, չեմ կարա ասեմ»,- 168.am-ի հարցին ի պատասխան ասացին դատավորի աշխատակազմից:

Ճշտող հարցին, այսինքն՝ դատարանը տեղեկություն չունի՞՝ դատավորն այսօրվանից անցնելու է կամ չի անցնելու աշխատանքի, պատասխանեցին. «Ոչ մի տեղեկություն չունեմ»:

Քիչ առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր ներկայացել է աշխատանքի, ուստի կրկին կապ հաստատեցինք դատավորի աշխատակազմի հետ, որտեղից 168.am-ին փոխանցեցին, որ դատավորը դեռ տեղում չէ:

Տեսանյութեր

Լրահոս