Էդ 560 հազար սպառողական վարկերի ճակատագիրն ի՞նչ է լինելու. Միքայել Մելքումյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն 560 հազար սպառողական վարկերի ճակատագիրը, որովհետև խնդիր է, թե դրանք վերցրած քաղաքացիներն ինչպես են կարողանալու դա մարել տնտեսական այս ճգնաժամային իրավիճակում:
«Էդ 560 հազար սպառողական վարկերի ճակատագիրն ի՞նչ է լինելու, որովհետև այդ սպառողական վարկերը մարդիկ չեն վերցրել բիզնես անելու համար, վերցրել են ապրելու, ուսման վարձ վճարելու համար»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր բանկեր բացելու խնդրին: Մելքումյանին հետաքրքրում էր՝ արդյո՞ք պարզվել է, թե դաշտը որքանով է ազատականացված, և, եթե ազատականացված է, ինչո՞ւ մարդիկ չեն գալիս բանկային համակարգ, քանի որ բանկ բացելը շահութաբեր է:
Անդրադառնալով բանկային համակարգում ունեցած առաջխաղացման հարցին՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ Հայաստանն ունի 5.5 տրիլիոն համախառն ներքին արդյունք, 3.5 տրիլիոն վարկեր, 3.1 տրիլիոն ավանդներ, եթե հետ գնանք, 15 տարի առաջ ՀՆԱ-վարկեր հարաբերակցությունը շատ քիչ էր, իսկ սա նշանակում է, որ բանկային համակարգը տնտեսության ձևավորման հարցում սկսել է խաղալ վճռական նշանակություն, աճել է թափանցիկությունը, խոշոր հաշվով, սա նշանակում է, որ բանկային համակարգը գեներացնում է կյանքի ռիթմը:
Մանրամասները տեսանյութում