Բաժիններ՝

Երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին առանձնատան պատուհանն ու գողացել հեռուստացույց, պլանշետ և այլ իրեր

Ապրիլի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Նոր Խարբերդի մի առանձնատան պատուհանն ու գողացել հեռուստացույց, պլանշետ և այլ իրեր՝ պատճառելով կես միլիոն դրամից ավելի վնաս։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Նոր Խարբերդում բնակվող երեք երիտասարդ։

Նույն օպերատիվությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին կասկածվողներին ու բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրանք ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Կասկածվողներից երկուսը ձերբակալվեցին, մեկը ստորագրությամբ բաց թողնվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բացի վերը նշված բնակարանային գողությունից՝ նրանք մարտ ամսին, դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել էին Նոր Խարբերդի առանձնատներից մեկի պատուհանն ու կենցաղային տեխնիկա գողացել։

Ձերբակալվածներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պլանշետը։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս