«Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար անհրաժեշտ են դիմումում ներկայացված հարցերի պատասխանները». Փաստաբան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար 3-րդ անգամ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան:
Փաստաբանը նորից է դիմել դատարան, քանի որ նախորդ երկու դիմումով ներկայացված հարցերին ոչ լիարժեք պատասխաններ էին տրվել։
Օրեր առաջ դատարան ներկայացրած դիմումով փաստաբանը խնդրել է տեղեկացնել, թե կոնկրետ որ օրն է դատարանին հայտնի դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչև ապրիլի 16-ը, ի՞նչ եղանակով է այդ մասին տեղեկացել դատարանը, փաստաբանի դիմումը ստանալուց առաջ կամ հետո դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցիչ փորձել է ճշտել՝ դատավոր Դանիբեկյանը համաձա՞յն է արդյոք, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին, արդյո՞ք Աննա Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը, չտալու դեպքում ի՞նչ պատճառաբանություններ է ներկայացրել, և արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
«Խնդրում եմ ներկայացրած հարցերին պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում՝ էլեկտրոնային եղանակով, քանի որ այդ պատասխաններն անհրաժեշտ են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար»,- նշված է դիմումում:
Թե ի՞նչ հանցագործության մասին են պատրաստվում հաղորդում ներկայացնել, փաստաբան Հովհաննես Խուդոյանն այս պահին մանրամասնել չցանկացավ:
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, ում մակագրված է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, 2020 թվականի մարտի 13-ից անաշխատունակության վիճակում էր: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատավորն անաշխատունակության վիճակում է լինելու մինչև ապրիլի 16-ը, և այն չերկարաձգելու դեպքում կներկայանա աշխատանքի: Դրան զուգահեռ՝ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:
Դատավորի առողջական վիճակի ու աշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանին դիմել էր մարտի 24-ին և ապրիլի 6-ին: