Միացյալ Նահանգները բավարարված չէ Բաքվի ու Բուդապեշտի բացատրություններով. Ֆիլիպ Գորդոն
Միացյալ Նահանգները բավարարված չէ Բաքվից ու Բուդապեշտից ստացած՝ Սաֆարովի գործին վերաբերող բացատրություններով։ Ինչպես հայտնում է Asbarez-ը, նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
Նա այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին անցկացված Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի «ԱՄՆ – Կենտրոնական Եվրոպա Ռազմավարության ֆորում»-ի շրջանակներում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Պետքարտուղարի տեղակալն ասել է նաև, որ Վաշինգտոնը շարունակում է «մտահոգություն ու հիասթափություն» արտահայտել Բուդապեշտին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով:
Գորդոնն ասել է, որ Վաշինգտոնը նույն «մեսիջն» է հղում նաև Ադրբեջանի իշխանություններին, որոնք ներում են շնորհել նրան ու բարձրացրել կոչումը:
«Մենք ցնցված ենք մեկի մեծարումից, ով դատապարտված է եղել սպանության համար», – հավելել է Գորդոնը: Նա Սաֆարովի գործն անվանել է «իսկական սադրանք տարածաշրջանում»: