Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ նստաշրջանին
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 56-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 18-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նախարարն անդրադարձել է ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես` ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանը և մի շարք այլ հարցերի:
Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱԷՄԳ համագործակցության, Մեծամորի ատոմակայանի նոր էներգահամալիրի կառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Հորդանանի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Խ. Թուքանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող հարցերի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարները:
ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: