Համաշխարհային բանկը 3մլն դոլար է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։
ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։
Գնումը կիրականացվի արտակարգ իրավիճակներում Համաշխարհային բանկի արագացված ընթացակարգերի կիրառմամբ։ Համաշխարհային բանկի տրամադրած նեղ մասնագիտական փորձագիտության շնորհիվ կատարվել է շուկայի արագ վերլուծություն՝ բուժսարքավորումների գլոբալ առաջարկի խիստ կրճատման և աճող գների պայմաններում «արժեք փողի դիմաց» սկզբունքն ապահովելու նպատակով։ Արդյունքում Հայաստանի առողջապահական համակարգը կզինվի լրացուցիչ բարձրորակ սարքերով, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության ավելացող հաստատված դեպքերի բուժման համար։
«Այս հանկարծահաս իրավիճակում Բանկը պատրաստ է՝ աջակցելու համավարակի ազդեցության մեղմացմանը նպաստելու Հայաստանի արձագանքին», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն։ «Ցանկանում եմ բարձրաձայնել Հայաստանի բուժաշխատողների աննախադեպ նվիրումն՝ ի պաշտպանություն բնակչության։ Նաև հորդորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ամենայն խստությամբ հետևել արտակարգ իրավիճակի կանոններին և պահպանել սոցիալական հեռավորությունն ու կատարել մեկուսացման միջոցառումները, որոնք ուղղված են համավարակի ազդեցության մինիմալացմանը»։
Նույն մոտեցումը կկիրառվի օդափոխության հավելյալ սարքերի, ինչպես նաև անձնական պաշտպանիչ սարքավորումների ձեռքբերման գործընթացում՝ առողջապահության հրատապ կարիքները բավարարելու նպատակով։ Բացի այդ, Համաշխարհային բանկը պատրաստ է վերածրագրավորելու Հայաստանում իր ընթացիկ ծրագրերի պորտֆելը՝ տարբեր ոլորտներում COVID-19 –ին հակազդելու ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու նպատակով։