Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում չորեքշաբթի ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն առանց միջադեպերի է անցել: Այս մասին հաղորդել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Տեսանյութեր

Լրահոս