Իրանի ԱԳ նախարարը արտահերթ այցով ժամանում է Դամասկոս

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր արտահերթ այցով կլինի Դամասկոսում: Սպասվում է, որ Իրանի ԱԳ նախարարն իր սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ կքննարկի երկուշաբթի Կահիրեում տեղի ունեցած «իսլամական քառյակի» (Եգիպտոս, Իրան, Թուրքիա և Սաուդյան Արաբիա) նիստը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ինչպես հայտնել է IRNA տեղեկատվական գործակալությունը` Սալեհին առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից հետախուզական խումբ ուղարկել Սիրիա, որը մոնիտորինգ կանցկացնի կրակի դադարեցման նպատակով: Այս նախաձեռնությունը կասկածանքով է ընդունվել արաբական և եվրոպական մայրաքաղաքներում` հաշվի առնելով, որ Արաբական պետությունների լիգայի և ՄԱԿ-ի կողմից ուղարկված հետախուզական խմբերի աշխատանքն արդյունք չի տվել:

Ամեն դեպքում, մի շարք տարածաշրջանային հետազոտողներ համարում են, որ Իրանի առաջարկը շատ լուրջ քայլ է` հաշվի առնելով, որ Թեհրանը Դամասկոսի մոտ դաշնակիցն է և ունակ է ազդելու նրա դիրքորոշման վրա: Կահիրեում Սալեհին հասկացրել է, որ Իրանի դիվանագիտական ջանքերն ուղղված են «հակամարտությունը հնարավորինս շուտ դադարեցնելուն և քաղաքական կարգավորման գործընթացը առանց արտաքին միջամտության թողնելուն»:

Իրանցիները պնդում են, որ պետք է դադարեցվի զինված ընդդիմությանը ռազմական և ֆինանսական օգնության ցուցաբերումը, նաև պահանջում են հրաժարվել ծայրահեղական խմբերի վարձկաններին պատրաստելուց և Սիրիա ուղարկելուց:

Տեսանյութեր

Լրահոս