Արցախում չկա կորոնավիրուսի որևէ դեպք, հետևապես՝ Արցախը հիմք չունի ընտրությունների ժամկետը երկարաձգելու. Հայկ Սուքիասյան
168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
– Պարո՛ն Սուքիասյան, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նշանակված են Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արդյո՞ք անհրաժեշտ եք համարում այդ ընտրությունների ժամկետների հետաձգումը:
– Արցախում ընտրությունները հետաձգելու որևէ պատճառ չկա, իսկ եթե որոշ մարդիկ փորձում են նման պատճառներ որոնել, ապա պետք է ասեմ, որ դրանք սարքած պատճառներ են:
– Լուրջ չէ՞ կորոնավիրուսի տարածման վտանգը:
– Արցախի իշխանությունները՝ Առողջապահության նախարարությունը, հայտարարեցին՝ Արցախում կորոնավիրուսի գեթ մեկ դեպք չի արձանագրվել: Հիմա հարց է առաջանում՝ այս հայտարարություններին զուգընթաց՝ ինչո՞ւ են Հայաստանից վատթարացնող լուրեր շրջանառում կամ տագնապ առաջացնող մտայնությամբ պնդում, թե Արցախում ընտրությունները պետք է հետաձգել: Սա սաբոտաժի կոչ է, այսինքն՝ ցանկանում են Արցախում կասեցնել պետականաշինության գործընթացը, որովհետև նոր իշխանություն պետք է ձևավորվի: Ինչ վերաբերում է լուրջ հիմնավորմանը, ապա կրկնում եմ՝ կորոնավիրուս այնտեղ չի հայտնաբերվել:
– Բայց ռեալ ռիսկ կա, չէ՞, որ կարող է լինել. Չէ՞ որ Արցախն աշխարհից մեկուսացած չէ, իսկ ընտրությունների անցկացումը ենթադրում է մարդկանց կուտակում, ինչը կարող է դառնալ վիրուսի տարածման պատճառ:
– Դե, եթե այդ տրամաբանությամբ դիտարկենք, կարող ենք ենթադրել, որ 4 օր հետո էլ կարող է ջրհեղեղ լինել, ուստի եկեք այսօրվանից դադարենք ապրել: Սա ի՞նչ մտածողություն է: Ես հիմնվում եմ փաստի վրա՝ Արցախում չկա կորոնավիրուսի որևէ դեպք, հետևապես՝ Արցախը հիմք չունի ընտրությունների ժամկետը երկարաձգելու: Հայաստանից կոչեր անողներին էլ հորդորում եմ՝ Արցախում կայանալիք ընտրությունները սաբոտաժի ենթարկելուն միտված հայտարարություններ մի՛ արեք:
– Իսկ ըստ Ձեզ՝ եթե նման հայտարարություններ են հնչում, ապա ո՞րն է դրանց նպատակը:
– Գաղտնիք չէ, որ Արցախում էլ են մարդիկ ընտրություններից, կոռուպցիայից և այլ շատ բաներից դժգոհ, ուստի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ ժողովրդավարական պետություն ունենալու մասով, տեղափոխվելու է Արցախ: Այնտեղ հիմա ընթանում է դեմոկրատական ընտրություններ անցկացնելու գործընթաց: Կարծում եմ՝ նախկին ռեժիմի որոշ ներկայացուցիչներ հույս ունեն, որ Արցախում որքան մնան նախկին իշխանությունները, այնքան իրենք շանս ունեն Արցախից աջակցություն ստանալու, իսկ եթե Արցախում իշխանությունը փոխվի դեմոկրատական ճանապարհով, ապա այդ աջակցությունից կարող են զրկվել, իսկ դա կբերի նրան, որ Արցախի ներկայիս իշխանության և ՀՀ նախկին իշխանությունների հետ կապը կկտրվի, ավելի պատկերավոր՝ պորտալարը կկտրվի:
– Եթե խոսում եք ՀՀ նախկին և Արցախի ներկա իշխանությունների մասին, ապա տեղին է հիշել, որ Արցախի նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը կապված են ՀՀ նախկին իշխանությունների հետ. Այդ նախկինների և Արցախում գործող ներկաների ժամանակ այս թեկնածուները բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել, և ոմանք շարունակում են պաշտոնավարել, հետևապես՝ որքանո՞վ է ռեալ, որ, եթե նրանցից մեկը հաղթի, ապա ՀՀ նախկին իշխանությունների հետ պորտալարը կկտրվի:
– Թեկնածուներից Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը հեղափոխության կողքին է, Մասիս Մայիլյանը՝ նույնպես, ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա, կարծում եմ, որ նրա վարկանիշը և հաղթելու շանսերը նվազեցին ՀՀ գործող իշխանությանը քննադատելու պատճառով: Ինչ վերաբերում է հարցին, թե նրանք են առաջատար թեկնածուները, ապա որևէ մեկը չի կարող վստահությամբ ասել, որ հաղթող թեկնածուներից մեկը հենց այս եռյակից է լինելու: Այդ մարդիկ այժմ ունեն հակասություններ, և չի բացառվում, որ այս եռյակից դուրս մեկը շահի այդ հակասությունից և հաղթի ընտրություններում: Այդպիսի բաներ լինում են: Խոշոր հաշվով՝ ամենակարևորն այն է, որ Արցախում անցնեն օրինական դեմոկրատական ընտրություններ: Կարծում եմ՝ Արցախի մեր հայրենակիցներն ունեն գիտակցում, որ Արցախի նախկին կյանքի վերարտադրություն թույլ չտան:
– Արցախի հետ կապված ևս մեկ հարց. Հայտնի է, որ ԱՄՆ-ը Արցախին այլևս օգնություն չի տրամադրի, նախագահ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել վերացնել Արցախին տրվող 1.5 միլիոն դոլարի աջակցության ծրագիրը: Ինչո՞ վ եք պայմանավորում ամերիկյան իշխանությունների որոշումն այս փուլում:
– Այստեղ կարևոր է հստակ գիտակցել մեկ բան՝ ԱՄՆ-ի այս որոշումն Արցախի դեմ չէ: Անգլոսաքսոնական ստրատեգիական մտքի մեջ կա մի այսպիսի կոնցեպցիա՝ «Փառահեղ մեկուսացում» (splendid isolation): ԱՄՆ-ը հիմա մեկուսանում է: Տեսեք՝ մեկուսանում է նաև այլ երկրներից՝ օրինակ, Իտալիային չի օգնում, Իտալիային օգնության չի հասնում նաև Եվրամիությունը: ԱՄՆ-ը այս պահին կողքի է քաշվել. սա այդ դեպքն է և սա հատուկ Արցախի հետ ուղիղ կապ չունի: Հիշե՛ք, ԱՄՆ քաղաքականության ամենամեծ գնահատականը թավշյա հեղափոխությանը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն էր: Իհարկե՝ թուրք-ամերիկյան հակասությունն էր դրված այդ բանաձևն ընդունելու հիմքում, սակայն ակնհայտ է նաև այն, որ, եթե չլիներ թավշյա հեղափոխության նկատմամբ դրական վերաբերմունքը, դժվար նման միասնական քվեարկության ականատես լինեինք ԱՄՆ-ում:
– Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ի «Փառահեղ մեկուսացում»-ը որևէ ձևով չի արտահայտվել Ադրբեջանին տրվող 100 միլիոն դոլարի վրա:
– Հայաստանին տրվող գումարի չափի վրա էլ չի ազդել. Ստացվում է՝ Հայաստանինն ու Ադրբեջանինը պահպանել են, կոնֆլիկտ ունեցող Արցախինը՝ վերացրել, կամ հիմա թողել են մի կողմ, այսինքն՝ կոնֆլիկտային իրավիճակից այս պահին որոշել են ժամանակավորապես մի կողմ քաշվել:
– Իսկ չէ՞ որ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող աջակցությունը միայն փողի խնդիր չէր, այստեղ կարևոր է նաև այն, որ ԱՄՆ-ը Հայաստանից հետո երկրորդ երկիրն է, որն աջակցում է Արցախին. Այս համատեքստում եթե խնդիրը դիտարկեք՝ ի՞նչ կարձանագրեք:
– Այո՛, դա աշխարհի գերտերության կողմից գնահատական էր՝ տրված Արցախին, բայց հիմա նրանք դադար են վերցրել, և սխալ է դա Արցախի դեմ դիտարկելը: Գուցե կարճ ժամանակ անց նոր ծրագրեր ֆինանսավորվեն նոր թափով: Ինչ վերաբերում է նրան, որ Արցախին տրվող օգնության դադարեցման հիմքում ՀՀ իշխանության կողմից արված որոշ հայտարարություններ են դնում, կամ որպես պատճառ բերում Սիրիա մեր՝ զորախումբ ուղարկելու քայլը, ապա որևէ պետություն չի կարող ՀՀ-ին փող տալու հաշվին ստիպել ընդունել այնպիսի որոշում, որը չի բխում մեր շահերից. եթե մենք ժամանակին որոշել ենք, որ Սիրիայում խաղաղասիրական աշխատանքներին պետք է ներգրավվենք, ապա դա անելը մեր սուվերեն իրավունքն է և բխում է մեր շահերից:
Այդպես ենք որոշել և այդպես ենք արել: Ինքս ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման և վերը բերված հանգամանքների միջև կապ չեմ տեսնում: