Արտակարգ դրության օրերին թույլատրելիից ավելի անձանցով երթևեկելու համար կազմվել է 73 արձանագրություն
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո ոստիկանությունը կազմել է 73 արձանագրություն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Անկախ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակից, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները պետք է կատարեն սահմանված նստատեղերի պահանջը։ Մարտի 20-ից մեր կողմից ուժեղացված ծառայություն է սկսվել և այն շարունակական բնույթ է կրում։ Մարտի 20-ին մենք կազմել ենք 73 արձանագրություն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում սահմանված քանակից ավելի անձանցով երթևեկություն կազմակերպելու համար»,- նշեց Մհրյանը։