Բաժիններ՝

Ի՞նչ եղան մետրոն և ճոպանուղին. Մանրամասնում են քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը

«Հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրած՝ Աջափնյակում մետրո կառուցելու գաղափարը, դրա կառուցման առաջարկներն ու էսքիզները քննարկման փուլում են»,- այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու անդամը  հարց ուղղեց նաև հարակից վթարային շենքերի ապագայի մասին:

«Ձեռքիս տակ է հայտնվել մի էսքիզ, որտեղ երևում է, թե ինչ գեղեցիկ շենքեր ենք ուզում ստանալ մետրոյի մոտակայքում, հասկանալի է, որ այդ ներդրումը կարող է  միայն մետրոյի կառուցման համար լինել, ուզում էի իմանալ, թե ո՞ր փուլում է մետրոյի կառուցումը: Մետրոյի հարակից տարածքում գտնվում են վթարային շենքեր, այդ տարածքում  են գտնվում Արզումանյան 10, 8Ա 4-րդ կարգի վթարային շենքերը: Ուզում եմ իմանալ՝ ինչ փուլում է Արզումանյան 10, 17 շենքերի հարցը, քանի որ փոխքաղաքապետն ասել էր, որ նոր տարուց հետո ավագանու հաստատմանն է բերելու, որ նոր շենք է կառուցվելու, ու այդ մարդիկ բնակարաններ են ստանալու»,- հետաքրքրվեց Մարկոս Հարությունյանը, որին ի պատասխան՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ Կառավարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում մետրոյի կառուցման համար:

«Ձեր նշած ծրագիրը հիանալի ծրագիր է, բայց դրա իրագործման համար կառուցապատողը պետք է մեծ մասշտաբի իրացումներ անի, որը շատ դժվար է իրագործել: Ինչով հնարավոր է՝ աջակցելու ենք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ փուլում է մետրոյի ծրագիրը, ապա ասեմ, որ Մետրոպոլիտենը թեև գտնվում է Երևանում, բայց պետական գույք է, կառուցապատումը ևս պետության տիրույթում է: Մենք մեզ համար մոտավորապես արդեն ունենք վերջնական պատասխանը, թե որն ենք անում, և կոնկրետ այդ ուղղությամբ նախագիծ, նախահաշիվ ենք սկսել անել: Այս պահին սկսվել է հարակից տարածքների գնահատումը, մեր ճարտարապետները սահմաններն են ճշտում, որ մոդելն ունենանք»,- պարզաբանեց քաղաքապետը։

Ինչ վերաբերում է վթարային շենքերին, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ նոր շենքի կառուցման համար 900 մլն դրամ են պահուստավորել, նախագիծը, նախահաշիվն ավարտելուց ու մրցույթի ավարտից հետո այն կօգտագործվի: Ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը՝ նաև որպես Աջափնյակի բնակիչ, պատրաստակամություն հայտնեց աջակցել բնակիչների հետ տարվող աշխատանքների հարցում: «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության մեկ այլ անդամ՝ Արմեն Ներսիսյանը, հետաքրքրվեց մեկ ուրիշ մեծ՝ ճոպանուղի կառուցելու ծրագրի ընթացքից: Հարցին պատասխանեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը.

«Կա մեկ ռեալ կազմակերպություն՝ Դոպերմայերը, որը ֆինանսավորման երեք տարբերակ է առաջարկել: Մեկը, որն ընդունվել է բոլորիս կողմից, արդեն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն և ստացել է դրական պատասխան, հիմա Էկոնոմիկայի նախարարության հետ պետք է քննարկում լինի: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս արդյունք կունենանք»:

Արթուր Մեսչյանն անդրադարձավ նաև մրցույթների ու գնումների թեմային, որոնք ավագանու այս նիստում շատ քննարկվեցին։ Ապա Գլխավոր ճարտարապետը պարզաբանեց, որ, եթե, օրինակ, այս հարցերը չառաջանան, ապա իր նշած կազմակերպությունը պատրաստ է շատ արագ սկսել ճոպանուղու աշխատանքները, նույնը վերաբերում է մետրոյի կառուցմանը:

«Տպավորություն է, որ մենք ամբաստանյալներ ենք ու ստանում ենք մեղադրանքներ, թե՝ ինչո՞ւ չեք արել, ինչո՞ւ եք ուշացնում: Եթե մետրոյի կամ ճոպանուղու ծրագիրը ուշանա, միայն Մեսչյանին ու քաղաքապետին խնդրում եմ չմեղադրեք: Դուք ավագանին եք, մենք մի թիմ ենք, միասին պետք է այդ ծրագրերը իրականացնենք: Այնպես չստացվի, որ մենք մի ամիս տանջվենք, տարբեր դռներ ծեծենք, ու դուք գաք հարցնեք՝ բա ո՞ւր է մետրոն: Մետրոն էնտեղ է, որտեղ դուք եք, այս ծրագրերը մենք միասին պետք է իրականացնենք»,- եզրափակեց խոսքը Մեսչյանը:

Արմեն Ներսիսյանն էլ հիշեցնելով հայտնի դեպքը՝ կապված ներդրողների հետ, ասաց, որ պետք է շտապել, քանի դեռ ներդրողները Հայաստանում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս