Երբ «մարտական հերթապահություն» են իրականացնում սահմանից 38 կմ հեռու գտնվող Ճանկաթաղի տարածքում
Այսօր «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզի Տաթև համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ բացել է 80-ականների զենքի «ամոթալի էջը» փակելու թեման:
«Մենք 80-ականների զենքի ամոթալի էջը փակել ենք»,- հայտարարել է Փաշինյանը՝ վստահեցնելով, թե հիմա դիրքում զինվորը «յուղը վրեն» ավտոմատով է կանգնում:
Այնուհետ շարունակեց. «2016-ին, երբ մեր կուսակցությունով կամավոր գնացել էինք Մարտակերտ՝ «Սասուն» ջոկատի հետ, ավտոմատը, որն ինձ տվել էին՝ 73 թվի էր, ինձանից 2 տարով մեծ էր»:
Փաշինյանին նախ տեղեկացնենք, որ գոյություն ունի ԱԿ-47 և ԱԿ-74, և հետո՝ մոդելի թողարկման և արտադրանքի ժամկետները տարբեր բաներ են: Ըստ այդմ՝ հայ զինվորն այսօր էլ 40-ականներին թողարկված ինքնաձիգ է բռնում ձեռքին:
Ստիպված ենք ևս մեկ անգամ վարչապետ Փաշինյանին հիշեցնել նաև, որ իր իշխանության օրոք ձեռք բերված «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրները թողարկվել են մինչև 1980 թվականը:
Առհասարակ, մեր սպառազինությունը, զենքերը 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Օրինակ, Դ-20 հաուբիցները 1953 թվականին են թողարկվել և վատ չեն կատարում իրենց խնդիրը:
Այս շարքը կարելի է լրացնել, բայց դրանից, ըստ էության, ոչինչ չի փոխվի, և մենք, թերևս, երկար լսենք 80-ականների զենքերի ամոթալի լինելու «երգը»:
Ինչ վերաբերում է 2016-ին որպես կամավոր Մարտակերտ մեկնելուն, որի մասին հիշատակեց Փաշինյանը, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե «մարտական ծառայություն է իրականացրել Արցախի Ճանկաթաղ գյուղի հատվածում», տեղեկացնենք, որ սահմանը Մարտակերտից 20 կմ է հեռու, իսկ Ճանկաթաղից՝ 38 կմ, իսկ Ճանկաթաղը Մարտակերտից՝ 18 կմ: